Օդաչուն Չիկագոյից` Ռայան Թոմփսոնը, ընկերուհուն բավական յուրահատուկ ձևով է առաջարկություն արել. նա կեղծ վթարային իրավիճակ է ստեղծել և ամենալարված պահին ընկերուհուն ստիպել է կարդալ հրահանգների գրքույկը, որն էլ հենց սիրային նամակն է եղել:
Երբ զույգը գնացել է քաղաքի վրայով թռչելու, Ռայանն ընկերուհուն ասել է, որ ինքնաթիռն ընկնում է, և նա պետք է իր համար կարդա վթարային իրավիճակում գործելու հրահանգները:
«Այնտեղ ասված է, որ մատանու հանձնման արարողությունը սկսելու համար… պետք է մտածել, թե արդյոք օդաչուն լավ տղա է»,- կարդացել է Քարլին: «Հետգրություն. նա միշտ կսիրի ու կհարգի քեզ: Պատասխանել հարցին, կամուսնանա՞ս ինձ հետ»,- ասված է եղել հրահանգների գրքույկում:
Կարդալով հարցը` օդաչուի ընկերուհին նախ մի րոպե մտածել է, ապա` սկսել է ծիծաղել: Հետո Թոմփսոնն անձամբ նորից նրան ուղղել է նույն հարցը: Քարլին համաձայնել է, հայտնում է Lenta.ru-ն:
Երբ են սիրահարները պատրաստվում ամուսնանալ` չի հաղորդվում:








































