Սեպտեմբերի 22-ին Լոնդոնի Սբ. Եղիշե հայկական եկեղեցում տեղի է ունեցել հանդիսավոր համերգ-երեկո՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 21-րդ տարեդարձին: Միջոցառումը կազմակերպվել էր Բրիտանահայ համայնքային և եկեղեցական խորհրդի (ԲՀԵԽ) կողմից՝ ՄԹ-ում ՀՀ դեսպանության հովանու ներքո:
ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ ողջույնի խոսքով ելույթ է ունեցել Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Կարինե Ղազինյանը և ԲՀԵԽ նախագահ Արա Փալամուդյանը: Դոկտոր Ներսես Ներսեսյանը փոքրիկ դասախոսություն է կարդացել հայկական մշակույթի և մատենագրության վերաբերյալ: Մասնակիցներին իր օրհնությունը տվեց Հայ առաքելական եկեղեցու Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի թեմի առաջնորդ Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը:
Համերգային ծրագրում հնչել են հայ և եվրոպական կոմպոզիտորների դասական գործերը: Ցուցադրվել է նաև «Մատենադարան» վավերագրական կինոնկարից մի հատված:










































