Սեպտեմբերի 9-ին ՀՀ մի
շարք համայնքներում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունները դժվար է ընտրություններ համարել, քանի որ վարչաֆինանսական ռեսուրսի կիրառման շնորհիվ քաղաքացին ընտրությունների ժամանակ զրկվել էր ընտրող դառնալու հնարավորութունից, իսկ իշխանությունը կարողացավ պարտադրել քաղաքացուն: Այսօր ԱԺ-ում այս մասին հայտարարեց դաշնակցական պատգամավոր Արմեն Ռուստամյանը:
«Այս ընտրությունների ժամանակ ականատես եղանք ահաբեկումների, ճնշումների և ընտրակաշառքի հայտնի իշխանական մեթոդների կիրառմանը: Համոզվելու համար բավական է բերել միայն Թալինի, Ախթալայի, Սիսիանի, Կապանի և Գյումրիի օրինակները:
Բացի այդ, ՏԻՄ ընտրություններին մասնակցության ցածր տոկոսը ցույց է տալիս, որ Հայաստանում ժողովուրդը հիասթափված է ընտրություններից: Ընտրությունից ընտրություն ժողովուրդը վերջնականապես կորցնելու է հավատը, թե կարող է ազատ ընտրություններով իր իշխանությունը ձևավորել այս երկրում: Իսկ սա հենց այն է, ինչը պետք է իշխանություններին` սեփական վերարտադրումը անխափան դարձնելու համար: Մինչդեռ ՏԻՄ դերը անփոխարինելի է իշխանությունը ապակենտրոնացնելու և անմիջականորեն ժողովրդին մոտեցնելու գործում»,- ամփոփեց Արմեն Ռուստամյանը:










































