Անցյալ կիրակի Իրաքում ահաբեկչությունների և հարձակումների զոհ է դարձել մոտ 100 մարդ, 400 հոգի վիրավորվել է: Ինչպես հայտնում են արաբական հեռուստաընկերությունները` Բաղդադում միաժամանակ 3 ականապատված մեքենաներ և մի քանի ինքնաշեն ռումբ է պայթել:
13 իրաքցու կյանք խլած առավել հզոր պայթյունը որոտացել է Իրաքի մայրաքաղաքի շիայական խոշորագույն Մադիանտ-Սադր արվարձանում: Անցյալ օրերի ընթացքում միայն մայրաքաղաքում զոհվել է 42 մարդ, 120 հոգի տուժել է:
Բաղդադի արվարձաններում պայթյունները տեղի են ունեցել այն բանից հետո, երբ Իրաքի դատարանը մահվան դատավճիռ է կայացրել փոխնախագահ Թարիք Ալ-Հաշիմի (սուննի) դեմ: Նա մեղադրվել է ահաբեկչական գործունեություն ծավալելու մեջ: Մասնավորապես, նա մեղադրվել է 2005-2011 թթ. տեղի ունեցած պայթյուններին, սպանություններին և այլ հարձակումներին մասնակցության մեջ: Ալ-Հաշիմին չի ընդունում ներկայացված մեղադրանքը:
Կիրակի ահաբեկիչները հարվածել են ընդհանուր թվով 13 իրաքյան քաղաքների: Ականապատված ավտոմեքենաներ են պայթել Քիրքուքից մինչև Էն-Նասիրի: Առավել արյունալի ահաբեկչություն է տեղի ունեցել Իրաքի Մայսան նահանգում: Այնտեղ 16 իրաքցի է սպանվել:
Եվս մեկ պայթյուն է տեղի ունեցել Էն-Նասրիում: Զոհվել է 1 ոստիկան, 4 մարդ վիրավորվել են:
Հարձակման են ենթարկվել նաև Բաակուբան, Բասրան, Թուզ-Հուրմատուն, Սամարան:
Հարձակումների պատասխանատվությունն առայժմ ոչ ոք չի ստանձնել:







































