Նախընտրական քարոզարշավը մոտենում է ավարտին: Իսկ վերջին օրերին Գյումրիում շրջանառվում են տեղեկություններ այն մասին, որ որոշ թեկնածուների կողմից ընտրողներին բաժանվելու են ընտրակաշառքներ: «Առաջին լրատվական»-ի հավաստի տեղեկություններով՝ ավագանու անդամության համար առաջադրված, որոշ թեկնածուներ իրենց ընտրողներին խոստացել են 2500-4000 դրամով «վարձահատույց» լինել իրենց օգտին քվեարկելու համար:
Քաղաքապետի ընտրություններում առաջադրված որոշ թեկնածուներ ևս լսել են այդ խոսակցությունները: Անկուսակցական Սպարտակ Պետրոսյանը «Առաջին լրատվական»-ի թղթակցի հետ զրույցում նշեց. «Ընտրակաշառք բաժանելու մասին խոսակցություններ ես էլ եմ լսել, բայց գտնում եմ, որ դա իշխանության գալու ամենանողկալի ձևն է: Ի վերջո, պետք է թույլ տան, որ Գյումրիում անցկացվեն նորմալ, ազատ և արդար ընտրություններ, առանց գումարներ բաժանելու և ճնշումների»:
Անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Գյումրիում արած այն հայտարարությանը, որ հանրապետության երկրորդ քաղաքում մթնոլորտ կարող է փոխել միայն ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը, Սպարտակ Պետրոսյանը արձագանքեց. «Շատ հարգանքով եմ վերաբերվում նախագահի հայտարարությանը, բայց ուղղորդել ժողովրդին չի կարելի: Նա կարող էր ասել, որ Բալասանյանը վայելում է երկու կուսակցությունների համակրանքը, բայց ուղղորդել ժողովրդին և «քցել» մյուս թեկնածուների վարկանիշը, կարծում եմ, անթույլատրելի է»,- «Առաջին լրատվական»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Սպարտակ Պետրոսյանը:
Փայլակ Ֆահրադյան
«Առաջին լրատվականի» Շիրակի մարզային թղթակից










































