Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է Ադրբեջանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարին, որը նրան է հանձնել հավատարմագրերը: Զրույցի ժամանակ Մորնինգսթարը նկատել է, որ առաջին անգամ Ադրբեջան է այցելել 1995 թվականին:
Մորնինգսթարը հավելել է, որ 2002 թվականին կնոջ հետ Ադրբեջանում մասնակցել է միջազգային կրթական կոնֆերանսի: Իլհամ Ալիևն իր հերթին գոհունակություն է հայտնել Մորնինգսթարի՝ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան նշանակվելու և Ադրբեջան ժամանելու կապակցությամբ:
Բացի այդ, Ալիևը շնորհակալություն է հայտնել Մորնինգսթարին՝ վերջին 20 տարիներին երկու երկրների հարաբերությունների և Ադրբեջանի տնտեսական զարգացման գործընթացներում ունեցած ներդրման համար:
Ալիևը հույս է հայտնել, որ Մորնինգսթարի դիվանագիտական գործունեության ժամանակ երկու երկրների միջև կապերը հաջողությամբ կզարգանան՝ բարձր գնահատելով ԱՄՆ-ի աջակցությունը «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» նավթամուղի և տնտեսական այլ նախագծերին:
Նշվում է, որ Մորնինգսթարը Բաքու է ժամանել օգոստոսի 28-ին:








































