Սիրիայի հյուսիսը մնում է նախագահ Բաշար Ասադի ռեժիմի կողմնակիցների և զինված ընդդիմության գրոհայինների կատաղի բախումների թատերաբեմ: Սիրիայի ազատ բանակի տվյալներով` հինգշաբթի իրենց զինված խմբավորումները հրետանակոծման են ենթարկել Իդլիբի վարչական կենտրոնի արվարձանում գտնվող Աբու Զհուր օդանավակայանը և շարքից հանել 10 կործանիչ ու մի քանի զրահատեխնիկա: Երեկ ավելի ուշ հաղորդվել է նաև Իդլիբ նահանգի Զահաբիա բնակավայրից արևմուտք ռազմական օդանավի կործանման մասին:
Սիրիայի ռազմական աղբյուրը հերքում է ապստամբների կողմից Տաֆտանազում տեղակայված ռազմաօդային ուժերի բազայում ուղղաթիռների կործանման մասին հաղորդագրությունը: Ըստ տարածված կոմյունիկեի` բազայում գտնվող ռազմական տեխիկան անվնաս է, զոհեր չկան, վիրավորվել է 2 զինծառայող:
Սիրիայի ճգնաժամը դարձել է Թեհրանում ընթացող Չմիավորման շարժման 16-րդ գագաթնաժողովի հիմնական թեմաներից մեկը: Ներկայացուցչական ֆորումում ելույթ ունենալով` Սիրիայի վարչապետ Վաիլ Ալ-Հալիկին հայտարարել է, որ Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարությունը ձգտում է ճգնաժամի խաղաղ կարգավորման` ազգային երկխոսության միջոցով: «Հիմնվելով այդ սկզբունքային դիրքորոշման վրա, մենք ընդունել են ՄԱԿ-ի հատուկ պատվիրակ Քոֆի Անանի պլանը, համագործակցել նրա և միջազգային դիտորդական առաքելությունների հետ: Սակայն նախագծի իրականացման համար անհրաժեշտ է ոչ միայն Սիրիայի իշխանությունների նվիրվածությունը իր պարտավորություններին, այլև քաղաքական կամքի դրսևորում այն կողմերից, որոնք աջակցում են զինված խմբավորումներին»,- նշել է Սիրիայի վարչապետը:
Սիրիայի վարչապետը Անանի պլանի ձախողման պատասխանատվությունը բարդել է այն երկրների վրա, որոնք տորպեդահարում են խնդրի խաղաղ լուծման բոլոր փորձերը: Ալ-Հալիկիի խոսքով` Սիրիան բախվել է ահաբեկչության ալիքի, որը խլում է երկրի բնակիչների կյանքը:
Նա դատապարտել է Արևմուտքի սահմանած տնտեսական պատժամիջոցները Դամասկոսի դեմ, որոնցից «առաջին հերթին տուժում է սիրիացի ժողովուրդը»:










































