Երեկ Aravot.am-ը տեղեկացրել էր, որ ոստիկանությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը արգելել են Գյումրու քաղաքապետի որդուն` Սպարտակին, մեկնել Մոսկվա, թեև ոստիկանության լրատվական բաժնից ասել էին, որ որևէ խնդիր չկա և երիտասարդը կարող է մեկնել ուր որ ցանկանում է:
«Այսօր արդեն Գյումրիում խոսակցություններ են շրջանառվում, որ ինչ-ինչ համաձայնությունների արդյունքում Սպարտակին թույլատրվել է լքել երկիրը: Ասում են, որ վերջինս մեկնելու է Ռուսաստանի Դաշնություն՝ «օրենքով գող» «կարգվի» և վերադառնա: Գյումրեցիները այդ քայլը բացատրում են հետագայում, գաղութում հայտնվելու պարագայում, ինչը նրա բնույթից ելնելով չի բացառվում, իրեն ապահովագրելու միտումով, քանի որ, ինչպես հայտնի է, «օրենքով գողերը» «հատուկ պայմաններում» են կրում պատիժը»:
Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Բորիս Ալեքսանյանն այս առիթով Aravot.am-ի հետ զրույցում ասել է, որ ինքն այս պատմություններին տեղյակ է այնքանով, որքանով երեկ և այսօր շրջանառվել է մամուլում.
«Այսօր ես աշխատանքի չեմ գնացել, բայց երեկ մեր ընկերներից նման խոսակցություն չեմ լսել: Այսօր էլ մեր գործընկերներից ոչ մի բան չեմ լսել: Կներեք, ոչինչ ասել չեմ կարող»: Հետաքրքրվեցինք՝ տեսականորեն հնարավո՞ր է, որ իրադարձություններն այդ հունով զարգանան, Ալեքսանյանը նկատեց. «Իհարկե՝ չէ: Հեքիաթներ են սրանք: Պարզապես, խառը իրավիճակ է և ցանկացած մարդ, ցանկացած ձևով կարող է մեկնաբանություններ տալ»»:








































