Հեռադիտակներով զինված տասնյակ իսրայելցիներ սկսել են գնալ Գոլանի բարձունքներ, որպեսզի սեփական աչքերով տեսնեն հարևան Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները,- հաղորդում է Al-Arabiya-ն:
Ըստ այդ տեղեկությունների՝ զբոսաշրջիկները տեղ են զբաղեցնում բարձունքների վրա, որտեղից հստակ երևում են Դամասկոսի շրջակայքի ռմբակոծությունները: Բացի այդ, Գոլանի բարձունքների իսրայելական կողմից լսվում են պայթյունների և կրակոցների ձայները:
Որոշ զբոսաշրջային ընկերություններ արդեն նոր տեսարանը ներառել են զբոսաշրջիկներին խորհուրդ տրվող տեսարժան վայրերի ցանկում:
Հետաքրքրասերների հոսքը Գոլանի բարձունքներ սկսվել է Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքի՝ այդ շրջան այցելությունից հետո: Տեղի հեռուստատեսությունը ցուցադրել է, թե ինչպես է նախարարն անձամբ հետևում հարևան երկրի ռազմական գործողություններին:
Գոլանի բարձունքներում զբոսաշրջիկների մեծ քանակության պատճառով տեղի ոստիկանությունն անվտանգության միջոցառումներ է կազմակերպել. իրավապահ մարմիններն անում են հնարավոր ամեն բան, որպեսզի առավել հարմար վայր փնտրելիս հետաքրքրասերները չհայտնվեն ռազմական օբյեկտներում:









































