Միացյալ Նահանգները մտադիր է երկարաձգել «Մանաս» օդանավակայանի օգտագործման վերաբերյալ Ղրղըզստանի հետ կնքած պայմանագրի ժամկետը: Այն կշարունակի օգտագործվել 2014թ.-ից հետո էլ` Աֆղանստան բեռներ տեղափոխելու նպատակով:
Վաշինգտոնը չի բացառում հարևան երկրներից մեկի հետ համագործակցությունը` տրանսպորտային այլընտրանք գտնելու նպատակով: Այս մասին Կոնգրեսում հայտնել է նախագահի` Կենտրոնական և Հարավային Ասիայի հարցերով օգնական Ռոբերտ Բլեյքը:
Նա հիշեցրել է , որ Ղրղըզստանի հետ ներկայիս համաձայնագրի ժամկետն ավարտվում է 2014թ.-ի կեսերին:
Բլեյքի խոսքերով` նոր համաձայնագրի նախապատրաստման համար դեռ ժամանակ կա, սակայն ամերիկյան ղեկավարությունը արդեն սկսել է խորհրդակցել Ղրղըզստանի ղեկավարության հետ:
Նախագահի խորհրդականը, սակայն, նշել է, որ այդ բանակցությունների ընթացքը կանխատեսել հնարավոր չէ: Ըստ նրա` շատ բան կախված կլինի 2014թ.-ին ամերիկյան զորքի դուրսբերումից հետո ստեղծված իրավիճակից:








































