ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի` խաղաղարար հարցերով տեղակալ Էրվե Լադսուսը Սիրիա է ժամանել` գնահատելու երկրում տիրող իրավիճակը: Այս մասին հաղորդում է Itar-Tass-ը` հղում անելով միջազգային կազմակերպության մամլո ծառայությանը:
Լադսուսը հայտարարել է, որ իր այցը իրականացվում է` համաձայն Անվտանգության խորհրդի 2059 բանաձևի. բանաձևը ՄԱԿ-ի ԱԽ-ն ընդունել էր ուրբաթ օրը:
Փաստաթուղթը նախատեսում է Սիրիայում ՄԱԿ-ի դիտորդական առաքելության ժամկետի 30 օրով երկարաձգում, ինչից հետո առաքելության աշխատանքը կախված կլինի այն հանգամանքից, թե որքանով կնվազի երկրում բռնության մակարդակը:
«ՄԱԿ-ի փորձագետների թիմի հետ միասին մենք տեղում գնահատական կտանք երկրում տիրող իրավիճակին»,- նշել է գլխավոր քարտուղարի տեղակալը:
Դամասկոս կժամանի նաև գեներալ Բաբակար Գայը` Սիրիայում դիտորդական առաքելության նոր ղեկավարը: Այդ պաշտոնում նա փոխարինում է գեներալ Ռոբերտ Մուդին:
Նրանք մի շարք հանդիպումներ կունենան Սիրիայի իշխանությունների և ընդդիմության ներկայացուցիչների հետ:








































