«Սերժ Սարգսյանի՝ ոստիկանություն կատարած այցն ու մասնավորապես ելույթը ծանր ազդեցություն են ունեցել այն ստորաբաժանումների ղեկավարների վրա, որոնցից Սարգսյանը դժգոհություն է հայտնել: Նշենք, որ Սերժ Սարգսյաևը, ի թիվս այլ վարչությունների, քլնգել էր նաև ոստիկանության ներքին անվտանգության վարչությանը»,- գրում է «Հրապարակ»-ը և հավելում.
«Ասել էր, որ իր համար անհասկանալի է դառնում ներքին անվտանգության ծառայության գործունեությունը: «Կարծես վաղուց այդպիսի ծառայություն կա, բայց ես չեմ հիշում մի դեպք, որ ներքին անվտանգության ծառայության նյութերով քրեական պատասխանատվության ենթարկած լինենք որևէ մեկին: Այդ դեպքում ո՞ւմ է պետք այդ ծառայության աշխատանքը: Բոլորս էլ գիտենք, որ բազմաթիվ թերություններ կան: Թերությունների հետ միասին կան նաև հանցագործություններ: Եվ եթե ներքին անվտանգության ծառայությունն ի վիճակի չէ տարին գոնե մի քանի այդպիսի հանցագործություններ բացահայտել, ուրեմն իր պարտականությունները չի կատարում:
Կա՛մ պետք է այդ ծառայությունը լուծարել, կա՛մ այն պետք է աշխատի»,֊հայտնել էր նա: Ոստիկանությանը մոտ կանգնած մեր աղբյուրներից տեղեկացանք, որ Ներքին անվտանգության վարչության պետ Արմեն Հակոբյանը, ազդվելով Ազատիչի քննադատությունից, օրերս իր մոտ է հավաքել աշխատակազմին ու խիստ հրահանգել՝ առաջիկա 10 օրվա ընթացքում անպայման «ինֆորմացիա բերել», հակառակ դեպքում կհեռացվեն աշխատանքից»:
Թերթի աղբյուրի պատմելով` նրանց մեջ մի ճարպիկ է գտնվել, ով մի «բոց ինֆորմացիայով» իրեն փրկել է՝ հայտնելով, թե իրեն հայտնի է մեկը, ով աշխատանքից մշտապես 10-15 րոպե ուշանում է: Մեզ հասած տեղեկություններով` «շեֆի» հրահանգից հետո անգամ ինքնակամ դիմում գրող է եղել»:











































