Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը թուրք լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Իսրայելը պատրաստ է առաջ շարժվել և լուծել Թուրքիայի հետ ունեցած վիճելի հարցերը, սակայն դրա հետ մեկտեղ նա պատրաստ չէ ներողություն խնդրել Թուրքիայից «Մավի Մարմարայի» միջադեպի առնչությամբ.
«Եթե Իսրայելը ներողություն խնդրի Թուրքիայից, ապա ես պատրաստ եմ հրաժարական տալ: Թել Ավիվը պատրաստ է Անկարայի հետ բարձր մակարդակով քննարկել ոչ միայն ունեցած ընդհանուր առաջադրանքներն ու խնդիրները, այլև՝ «Մավի Մարմարայի» միջադեպը, Իրանի միջուկային ծրագիրը և մերձավորարևելյան կարգավորումը:
Իսրայելցի ծովային կոմանդոսները բարձրացել են թուրքական նավի վրա և բախման մեջ են մտել նրանց հետ, ովքեր գտնվել են նավում և հարձակվել են իրենց վրա: Կոմանդոսները հստակ օգտագործել են ինքնապաշտպանության իրենց իրավունքը: Իսրայելի վրա ճնշում գործադրելու և հարկադրաբար ներողություն խնդրել տալու Թուրքիայի փորձերը ոչ այլ ինչ են, եթե ոչ մեզ ինքնապաշտպանության օրինական իրավունքից զրկելու փորձ:
Այս հարցում իմ դիրքորոշումը չի փոխվել, մնացել է նույնը, ինչ միջադեպից անմիջապես հետո: Մենք ճիշտ ենք և չպետք է ներողություն խնդրենք մեր իրավունքի համար՝ անկախ ճնշումից»:
Թուրքական լրատվամիջոցը ներողություն խնդրելու դեպքում հրաժարական տալու պատրաստակամության մասին Լիբերմանի արած հայտարարությունը մեկնաբանել է որպես բաց պատերազմի սկսման պատճառ:







































