ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հրավերով երկօրյա պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը և նրա գլխավորած պատվիրակության անդամները հուլիսի 24-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդ և ծաղկեպսակ ու ծաղիկներ դրել 1915 թվականի Հայոց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին, խոնարհումով ու լռությամբ հարգել մեկ ու կես միլիոն անմեղ զոհերի հիշատակը։
ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ բարձրաստիճան հյուրը եղել է նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել Հայոց Մեծ եղեռնը հավաստող վավերագրերին ու փաստաթղթերին, գրառում կատարել պատվո հյուրերի հուշամատյանում։ ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահը «Հիշողության պուրակ»-ում տնկել է մշտադալար եղևնի։








































