Ցանկացած քաղաքական ուժ ընտրության իրավունք ունի, սակայն չի բացառվում, որ իր ներկայիս պահվածքով, իրեն այլընտրանքային ուժ հայտարարելով՝ ԲՀԿ-ն ինքնադրսևորվելու խնդիր ունի: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանը:
Հարցին՝ ինչո՞ւ պետք է նախագահական ընտրություններին հանրությունը ընտրի Սերժ Սարգսյանին, պատգամավորը պատասխանեց` այն պատճառով, որ դաշտում այլընտրանք ուղղակի չի տեսնում:
«Ես կողմ եմ կայունությանը և չեմ ուզում Հայաստանը անհաստատ նավակի մեջ հայտնվի: Համոզված եմ, որ հենց Սերժ Սարգսյանն է այն թեկնածուն, ով առաջիկա հինգ տարում պետք է Հայաստանին: Միաժամանակ, ցանկացած աշխատանք ունի թերություններ: Թերություններ եղել են նաև նրա կառավարման հինգ տարիներին»,- նկատեց նա:
Ասուլիսի մյուս բանախոս` «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանն իր հերթին պատասխանելով նույն հարցին` ասաց, որ երկրում վստահություն ու արդարություն չտեսնելու պատճառով ինքը Սերժ Սարգսյանին երբևէ նախագահ չի ընտրի:
«Միաժամանակ, մեր կուսակցությունը նախագահական ընտրություններին պատրաստ է սատարել «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին: Ընդհանուր առմամբ, ընդդիմության միասնական թեկնածուն պետք է իրական ընդդիմադիր լինի, ոչ թե շինծու»,- ասաց նա:









































