Ամերիկացի դեմոկրատ սենատոր, հետախուզության կոմիտեի նախագահ Դայեն Ֆայսթայնը հայտարարել է, որ գաղտնի տեղեկությունների վերջին արտահոսքերի հետևում կարող է կանգնած լինել Սպիտակ տունը:
Ընդ որում, ինչպես հաղորդում է Associated Press-ը, Ֆայնսթայնի խոսքերով՝ ինքը համոզված է, որ անձամբ նախագահ Բարաք Օբաման չէ, որ բարձրաձայնում է գաղտնի տեղեկությունը: Սենատորը հայտնել է, որ իր կոմիտեն հուլիսի 24-ին կհավաքվի՝ մշակելու մի օրինագիծ, որը հնարավորություն կտա կանխել արտահոսքերը:
Ավելի վաղ ԱՄՆ-ի գլխավոր դատախազ Էրիկ Հոլդերը երկու դատախազ էր նշանակել այդ արտահոսքերի գործը հետաքննելու համար:
Ամերիկյան գաղտնի գերատեսչություններում արդեն մի շարք միջոցառումներ են ձեռնարկվել արտահոսքերի դեմ պայքարելու համար:
Որոշ հանրապետականներ, այդ թվում՝ սենատոր Ջոն Մաքքեյնը, ենթադրում են, որ որոշ գաղտնի տեղեկություններ դիտավորյալ կերպով են հրապարակվում, որպեսզի ընտրություններից առաջ Օբամայի համար ապահովեն ուժեղ առաջնորդի կերպար:
Սպիտակ տունը հերքում է նման մեղադրանքները:








































