ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր ընդունել է «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալության հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովին:
Հանդիպմանը քննարկվել են հայ-ռուսական միջտարածաշրջանային երկրորդ համաժողովի նախապատրաստման հետ կապված հարցեր, անդրադարձ է կատարվել երկրորդ համաժողովի օրակարգային առաջարկությունների մշակմանը:
ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ զրուցակիցներն արդյունավետ են համարել ապրիլին Երևանում անցկացված հայ-ռուսական միջտարածաշրջանային առաջին համաժողովը` ընդգծելով այս ձևաչափով հանդիպումների շարունակականության անհրաժեշտությունը, ինչը կնպաստի երկու երկրների միջև ապակենտրոնացված համագործակցության զարգացմանը:
ՀՀ ՏԿ նախարարի առաջին տեղակալ Վ. Տերտերյանը նշել է, որ ՀՀ մարզերի և ՌԴ տարածաշրջանների միջև համագործակցության մեծ ներուժ կա,և նման համաժողովները հնարավորություն կտան երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցություն ծավալել:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ապակենտրոնացված համագործակցության հնարավորությունների, ՀՀ մարզերի և ՌԴ տարածաշրջանների միջև գործակցության ոլորտների ուսումնասիրման համար կաշխատեն փորձագիտական խմբեր և առաջարկություններ կներկայացնեն:
Հայ-ռուսական միջտարածաշրջանային երկրորդ համաժողովը նույնպես կանցկացվի Երևանում, նախատեսվում է` նոյեմբերին:







































