Լրագրողներն այսօր փորձեցին ճշտել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից ՀԱԿ ակտիվիստների վերաբերյալ օրեր առաջ ընդունված դատավճռի առնչությամբ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյնաի կարծիքը, սակայն նախարարը հնարավոր բոլոր եղանակներով պարզապես խուսափեց կարծիք հայտնելուց:
«Եթե ես հիմա ասեմ, որ դատարանը արդար է գտնվել, կամ ասեմ, որ հակառակն է եղել, ապա ճնշում գործադրած կլինեմ դատական համակարգի վրա: Նախարարի պաշտոնը որոշակի առումով նաև զսպաշապիկ է հանդիսանում ինձ համար։ Երբ ես փորձագետ էի՝ ազատ արտահայտել եմ իմ կարծիքը, սակայն հիմա արդեն այլ է»,- ՀՀ իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թթ. ռազմավարական ծրագրի ներկայացման ընդմիջմանը լրագրողների հարցերին ի պատասխան ասաց նախարար Հրայր Թովմասյանը:
Առաջիկա 4 տարին՝ հարցական է, իսկ արդեն դրան հաջորդող ժամանակաշրջանի վերաբերյալ նախարար Թովմասյանը վստահեցնում է. «Ես չգիտեմ՝ 4 տարի հետո կլինե՞մ նախարարի պաշտոնում, թե՞ ոչ, բայց վստահեցնում եմ ձեզ, որ միանգամայն այլ բովանդակության հարցեր եք նախարարին ուղղելու, դատաիրավական բարեփոխումների արդյունքում նման հարցեր տալու կարիք այլևս չի լինելու»:









































