Ուկրաինայում ավարտվել է չեչեն Ադամ Օսմաևի նկատմամբ քրեական գործի հետաքննությունը, ով երկու անգամ` նախ` Մոսկվայում, ապա` Օդեսայում փորձել է պայթեցնել Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովին, ինչպես նաև մահափորձ էր ծրագրում Վլադիմիր Պուտինի նկատմամբ:
Ինչպես հայտնել է Ուկրաինայի անվտանգության ծառայության անհայտ աղբյուրը` հուլիսի 20-ին մեղադրյալ Ադամ Օսմաևը և նրա ենթադրյալ համախոհ` Ղազախստանի քաղաքացի Իլյա Պյանզինը ծանոթացել են իրենց մեղադրական գործին:
Նրանց նկատմամբ Ուկրաինայում քրեական գործ էր հարուցվել, երբ երիտասարդների վարձած բնակարանում ինքնաշեն ռումբ էր պայթել:
Աղբյուրը նշում է, որ մեղադրյալները վախենում են Ռուսաստան արտաքսվել, այդ պատճառով մանրամասն ցուցմունքներ են տվել:Նրանք հայտնել են, որ պատվիրատուն հյուսիսկովկասյան գրոհայինների առաջնորդ Դոկա Ումարովն է:









































