РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Cisco Systems ընկերությունում տեղի են ունենում կառուցվածքային փոփոխություններ: «Մենք սահմանափակ քանակով հաստիքներ ենք կրճատում, որը կկազմի աշխարհում ստեղծած մեր աշխատատեղերի մոտ 2%-ը»,- ասվում է ընկերության հայտարարության մեջ:
Կրճատումների նպատակն է պարզեցնել ընկերության կառուցվածքային համակարգը և որոշ երկրներում հասնել բիզնեսի ավելի արդյունավետ իրականացման: Ըստ 2012թ. ֆինանսական տարվա երրորդ եռամսյակի վերջի տվյալների` ընկերությունն ուներ 65 000 աշխատակից : Անցյալ տարի ընկերությունը հայտարարել էր մոտ 6500 աշխատակցի կրճատման մասին, որը կազմում է հաստիքների 10%-ը: Նպատակադրել էին տարեկան ծախսերը կրճատել 1 մլրդ դոլարով:
Արդյունքում կրճատումների տակ ընկավ թոփ-մենեջերների 15 %-ը, և վերջին եռամսյակում եկամուտն աճեց 20 %-ով: Սակայն 2012թ. ընկերության բաժնետոմսերը Nasdaq-ի բորսայում կորցրին ավելի քան 11 %: Cisco Systems ընկերությունը ընթացիկ տարվա վերջին եռամսյակի հաշվետվությունը կներկայացնի օգոստոսի 15-ին:








































