«Գավառի մանկատան աղջիկ սաներին տանում են Թուրքիա»,- Aгavot.am-ը երեկ նման ահազանգ է ստացել ընթերցողներից:
«Գավառի մանկատան տնօրեն Նիկոլայ Նալբանդյանը մեզ հետ զրույցում չհերքեց լուրը: Նա հավելեց, որ մեկնողների խմբում ոչ միայն աղջիկներ, այլև տղաներ կան, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու մանկատան ղեկավարության ներկայացուցիչներ: Նրա ասելով` «թուրքական» միջոցառումը հետևյալ բնույթի է «Դա, այսպես ասած, մշակութային միջոցառում է և հանգստանալու միջոցառում: Երևի մի 10 օրով է, ժամկետները դեռ ճշտված չեն, մեկնելու են 12-ից բարձր տարիքի երեխաներ»: Տնօրենը խոստովանեց, որ լուրը լայն ռեզոնանս է ստացել, եղել են մարդիկ, որ «1-02» են զանգել ու անգամ ոստիկանությունից մարդիկ են եկել մեկնող երեխաների տվյաւներն ու ցուցակները ստուգելու: Նալբանդյանը վստահեցրեց, որ հրավերը Պոլսո պատրիարքարանից Է, հայ-շվեդական մի կազմակերպության ֆինանսավորմամբ.
«Ուղղակի ցինիզմը այն աստիճանի է հասել, որ ինչ ասես չեն ասում: Ի՞նչ վատ բան կա դրա մեջ, որ 30 երեխա շրջագայելու է Արևմտյան Հայաստանում՝ Կարս, Անի, Սուրբ Խաչ եկեղեցի, Եղիշե Չարենցի տուն, մեր պապենական հողերը»:
Նա ասաց նաև, որ նախորդ տարիներին Էլ Գավառի երեխաներին տարել են Գերմանիա, Հոլանդիա, ԱՄՆ, Ֆրանսիա: «Պատրիարքն է հրավիրել, մերժե՞նք հայոց պատրիարքին… Ի դեպ. բոլորը, այդ թվում մարզի ոստիկանությունը ինձ լավ ճանաչում են, գիտեն, որ այլ բան չեմ անի»:
Ավելի ուշ Aгavot.am-ին զանգահարել է «Նունյոս» հայ-շվեդական բարեգործական հիմնադրամի տնօրեն Նուշիկ Մելքոնյանը և ասել, որ իսկապես Գավառի մանկատան սաների՝ Արևմտյան Հայաստան տանելը իրենց կազմակերպության աջակցությամբ և Պոլսո պատրիարքարանի հրավերով է:
«Տիկին Մելքոնյանը պնդում է, որ զուր են մտավախությունները, թե երեխաներին այլ նպատակով են Թուրքիա տանում: Նա հավաստիացրեց, որ ոչ մի երեխա առանց անձնագրի սահման չի հատի, քանի որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը խոստացել է լուծել անձնագրի խնդիրը: «Սոցապ նախարարությունից մեզ հետ գալու է ավագ մասնագետ Անուշ Բադալյանը, Գավառի մանկատնից՝ ուսումնական գծով փոխտնօրենը, երգչախմբի ղեկավարը, սոցաշխատողը»,- հայտնել է նա:








































