Գերմանիայի դաշնային ոստիկանությունը 2008 թվից ավելի քան մեկ միլիոն եվրո է ծախսել Սաուդյան Արաբիայի սահմանապահների ուսուցման վրա: Գերմանացի հարկատուների գումարներով վճարվել է Գերմանիայի ոստիկանության գործունեությունը, որը մարզել է սաուդցի գործընկերներին: Այս մասին է վկայում ոստիկանության հաշվետվությունը՝ ի պատասխանը Բունդեսթագում «Ձախերի» հարցման, որը հայտնվել է Neue Osnabruecker Zeitung-ի տրամադրության տակ:
Ոստիկանության հաշվետվության մեջ ասվում է, որ Սաուդյան Արաբիայում աշխատանքի հենց սկզբից շուրջ մեկ միլիոն եվրոյի լրացուցիչ ծախսերի անհրաժեշտություն է առաջացել: Ընդ որում` երկրի ՆԳՆ-ն նախատեսում է այդ ոլորտում համագործակցությունը երկարաձգել ևս 5 տարով:
«Ձախերի» ներքին քաղաքականության հարցերով փորձագետ Ուլլա Յելպկեն պահանջել է անհապաղ դադարեցնել համագործակցությունը: Նրա խոսքերով՝ Գերմանիայի հարկատուները պարտավոր չեն վճարել Սաուդյան Արաբիայի սահմանային զորքերի զորավարժությունների համար: Նա նշել է, որ այդ աշխատանքն իրագործվում է Սաուդյան Արաբիայի հետ կնքված EADS զենքի կոնցեռնի հետ գործարքի շրջանակներում, որի հետ սաուդյան իշխանությունները բազմամիլիարդանոց պայմանագիր ունեն զենքի մատակարարման ոլորտում:
Բացի այդ, Սաուդյան Արաբիայում մարդու իրավունքների խախտումների պատճառով չպետք է բացառել, որ գերմանական ոստիկանության օգնությամբ ձեռք բերված հմտությունները կարող են կիրառվել ընդդիմությանը ճնշելու համար:











































