Արցախի նախագահի ընտրություններում պարտություն կրած Վիտալի Բալասանյանը մտադիր է ակտիվ գործունեություն ծավալել ընդդիմադիր դաշտում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Վիտալի Բալասանյանի օգնական Հայկ Խանումյանը: Նրա տեղեկացմամբ՝ վերջին հինգ տարիներին Արցախում ընդդիմադիր ուժ չի եղել, հասարակությունն ունեցել է բազմաթիվ խնդիրներ, որոնք լուծում չեն ստացել, և որոնց մասին նույնիսկ չի բարձրաձայնվել: Նախագահի ընտրություններում Վիտալի Բալասանյանին ձայն տվեց ընտրության մասնակցածների 33 տոկոսը:
Հայկ Խանումյանի խոսքով՝ դա բավական լուրջ հիմք է ընդդիմադիր քաղաքական ուժ ստեղծելու համար: Նա նշեց, որ Վիտալի Բալասանյանն ընդդիմադիր կեցվածք է ընդունել, որովհետև նախորդ հինգ տարիներին Բակո Սահակյանի ռեժիմին արված նրա առաջարկությունները՝ ազգային անվտանգության, պաշտպանության և սոցիալ-տնտեսական բարեփոխումների վերաբերյալ, չեն ընդունվել:
«Ոչ մի առաջարկ չընդունվեց: Ընդհանրապես Բակո Սահակյանի ռեժիմը հասարակության հետ որևէ կոնտակտի մեջ չի մտել: Բակո Սահակյանի թիմին առաջարկներ ներկայացնելը անցած հինգ տարիներին համարվում էր հանցագործություն և քմծիծաղով էր ընդունվում»,- ասաց Խանումյանը:
Նրա խոսքով՝ Բակո Սահակյանի քաղաքականության պատճառով Արցախը մասամբ ազատ երկրների շարքից դարձավ ոչ ազատ երկիր: Ստեղծվելիք ընդդիմադիր կուսակցության անունը դեռ հայտնի չէ, ստեղծման փուլում է կուսակցության կանոնադրությունը: Նոր ուժն, ըստ Հայկ Խանումյանի, լուծելու է համահայկական խնդիրներ: Ըստ նրա՝ երկու հայկական պետությունները համահայկական խնդիրները լուծելու ունակություն չունեն:
Հայկ Խանումյանը նաև նշեց, որ նախընտրական շրջանում Վիտալի Բալասանյանը մեծ աջակցություն է ստացել նաև Հայաստանից, մեծ թվով անձինք նրան են սատարել: «Իսկ Բակո Սահակյանին Հայաստանից սատարեցին երկու հետաքրքիր անձինք՝ փոխնախարար, մի քիչ Հիտլերին նման Խաչիկ Ասրյանը և Մենուա Հարությունյանը: Սա, կարծում եմ, խորհրդանշական երևույթ է: Եվ մի անձ կար, որն այս ամբողջ ընթացքում զբաղվեց ապատեղեկատվությամբ, ընդհուպ մինչև զրպարտություններ տարածեցին: Այդ անձը՝ Ահարոն Ադիբեկյանը, փաստորեն վարձված էր «Ազատ հայրենիք» կուսակցության կողմից»,- նշեց նա:
Ըստ Հայկ Խանումյանի՝ Ահարոն Ադիբեկյանի անցկացրած բոլոր հարցումներն Արցախում տապալվել են: Այստեղից Վիտալի Բալասանյանի թիմը երկու հետևություն է արել ՝ կա՛մ այս անձը պրոֆեսիոնալ չէ, կա՛մ էլ վարձու աշխատող է:
«Էս մարդը շուտով հայտնվելու ա Արցախում և հարցումներ ա անցկացնելու՝ արդյոք արցախցիները կո՞ղմ են տարածք պահելուն, թե՞ դեմ են: Եվ կտեսնեք, որ սա տարածք հանձնողների կողմնակիցների թիվ ա բերելու: Այդ մարդը լրջագույն վտանգ ա ներկայացնում հանրության համար»,- ընդգծեց Հայկ Խանումյանը:
Վիտալի Բալասանյանի օգնականի խոսքով՝ Արցախում իսկական խիզախություն է ընդդիմադիր թեկնածուին ձայն տալը, քանի որ այնտեղ ընդդիմադիրն ասոցացվում է թշնամու հետ: Շատ բնակավայրերում բնակչությունը վախեցել է նախընտրական հանդիպումների գնալ Վիտալի Բալասանյանի հետ: Բայց դա չի խանգարել, որ մարդիկ իրենց ընտրությունը կատարեն: Արդյունքում՝ Մարտունու, Մարտակերտի և Ասկերանի շրջաններում Բալասանյանը բացարձակ հաղթանակ է տարել:
«Այս նախագահական ընտրությունները դաստիարակչական աշխատանք էին, թե՝ պարոնայք, ուշքի եկեք, չեք կարող այլևս այսպես կառավարել»,- ամփոփեց նա:








































