ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը չի բացառում, որ կարող է համագործակցել Արցախի նախագահական ընտրություններում պարտություն կրած ընդդիմադիր թեկնածու Վիտալի Բալասանյանի հետ, սակայն՝ բացառապես խորհրդատվական դաշտում: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ինքը՝ Արման Մելիքյանը:
«Ես Արցախի քաղաքացիություն չունեմ, հետևապես այլ կարգավիճակով ԼՂՀ ընդդիմադիր դաշտ անցում կատարելու մասին, անկեղծ ասած, չեմ մտածել: Միայն կարող եմ ասել, որ կողջունեմ, եթե Ղարաբաղում ընդդիմադիր քաղաքական ուժ ձևավորվի: Շատ լավ կլինի, եթե նույն այդ ճակատը կարողանա հանրության համար կարևոր խնդիրները դարձնել ներքաղաքական քննարկումների օրակարգի մաս: Շատ կցանկանայի, որ ԼՂՀ ընդդիմադիր թևը վայելեր հասարակության վստահությունն ու աջակցությունը»,- ասաց նա:
Ամփոփելով՝ Արման Մելիքյանը շեշտեց, որ ինքը երբեք չի զլացել և հիմա էլ չի զլանա խորհրդատվական բնույթի աշխատանք կատարել ԼՂՀ ընդդիմության առաջնորդի համար:









































