Նույնիսկ հանցագործությունների մեջ «մասնագիտացումներ» կան. մեկը բանկեր է թալանում, մյուսը՝ թանկարժեք իրերի գողությամբ է զբաղվում, երրորդը՝ խարդախություններով: Դա էլ սովորաբար պայմանավորված է լինում կրթական մակարդակով: Օրինակ՝ լինում են գյուղում մեծացած տղաներ, ովքեր իրենց կրթությունը մի կերպ «բռթելով» հասցնում են տարրական կամ թերի միջնակարգ դասարանի վերջ, իսկ մնացածը լրացնում են կյանքի փորձով, արոտավայրերում, դաշտերում և այլն… Դե արոտավայրի «կրթությունն» էլ ի՞նչ պետք է լինի՝ կամ անասուններից պիտի լավ հասկանան, կամ՝ բերքից, իսկ եթե մի քիչ կրիմինալ բան կա այդ «կրթվածի» մեջ, ուրեմն իմացիր՝ լավ բերք ստացար, լավ անասուն ստացար՝ տերը չես:
Այդպես էլ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի՝ 30-ից 38 տարեկան մի քանի բնակիչներն էին, ովքեր ինչ շարժական, շնչավոր գույք տեսնում էին՝ տանում էին ու քիչ էր մնում մի օր էլ գյուղի «ապերոներից» դառնային. գառ գողանային, ձեռի գազով զապորոժեցը ճռռացնելով կանգնեցնեին քաղաքամիջով անցնող աղջիկների կողքին ու ասեին. «հաղջկերք, գառը կա, համեն ինչ կա, էթալ էինք՝ մի տեղ նստել էինք…»
Քրեական գործի նյութերից տեղեկանում ենք, որ Սևանի բնակիչ, 31-ամյա Արման Հովսեփյանը 2011թ. մայիսյան մի օր Սևան քաղաքում հանդիպում է իր հորեղբորորդի Համլետ Հովսեփյանին և նրա ընկեր Վարդան Հովհաննիսյանին ու ասում, որ Վանաձորի տարածքում երեկոյան ժամերին դրսում կապված ձիեր են լինում, որոնք կարելի է գողանալ ու փող աշխատել: Համլետն ու Վարդանը համաձայնում են և մայիսի 13-ին Արմանի հետ ճանապարհ ընկնում դեպի Վանաձոր: Կեսգիշերին հասնելով Լոռու մարզի Մարգահովիտ գյուղ, Արմանը, Համլետն ու Վարդանը տեսնում են գյուղամիջյան ճանապարհի հարևանությամբ կապված, նույն գյուղի բնակիչներ Գառնիկի և Սեյրանի 750.000 դրամանոց ձիերը և որոշում դրանք գողանալ: Ձիերի պարաններն արձակում են, Արմանն ու Համլետը հեծնում են ձիերը և քշելով տեղափոխում Սևան քաղաքի Ցամաքաբերդ թաղամաս: Կապում են նշված թաղամասի հարևանությամբ գտնվող, «Մինուտկա» կոչվող չգործող ռեստորանի հարակից տարածքում՝ ծառերի մեջ, իսկ հաջորդ օրը, Համլետը 240.000 դրամով դրանք վաճառում է իր ծանոթներ, եղվարդցի եղբայրներ` Կարեն և Արթուր Գևորգյաններին, ովքեր ձիերը տեղում մորթում են ու տանում, իսկ գործարքից ստացված գումարը Վարդանը, Արմանը և Համլետը բաժանում են իրար միջև:
Օրեր անց Համլետը Վարդանին հայտնում է, որ մի ձի էլ Սևանի Գոմաձոր թաղամասի գերեզմանատանը հարակից դաշտում է տեսել: Հետագայում պարզվում է, որ դա գոմաձորցի Բոզոյան Վարդանի նիհար ձին է: Երբ մութն ընկնում է, Համլետն ու Վարդան Հովհաննիսյանը ձին գողանում տանում են նույն օբյեկտի մոտ ու հաջորդ օրը, թեկուզ նախորդից՝ էժան, բայց 110.000 դրամով վաճառում են նույն գնորդ եղբայրներին՝ Կարենին ու Արթուրին: Հունիս ամսին Արման, Համլետ, Վահան եռյակը աչքի տակ է առնում Ճամբարակի տարածքի ձիերը: Գնում են Գեղարքունիքի մարզի Գետիկ գյուղի հարակից դաշտ ու ձիազրկում նույն գյուղի բնակիչներ Շաքար Դանիելյանին և Վարդան Ղալեչյանին. նրանց՝ 800.000-անոց ձիերը 240.000 դրամով վաճառում են մշտական գնորդներին ու գումարը բաժանում իրար միջև: Իսկ հուլիս ամսից Համլետին ու Արմանին են միանում նաև Տիգրան Սերոբյանն ու Վահան Մարտիրոսյանը, և չորսով միասին գողանում են Վլադիմիր Օհանյանի և Եվգենի Կոնովալովի՝ 700.000 դրամ ընդհանուր արժողությամբ երկու գլուխ ձիերն ու նաև Արմանի եղբայր՝ Արկադիի օգնությամբ հասցնում «Մինուտկային» հարակից սպանդանոց՝ 200.000 դրամով իրացնելու:
Հետո խումբը երևի ձի չգտնելով, գունավոր մետաղների փնտրտուքների մեջ մի 150.000 դրամանոց գողություն է կատարում Լճաշենի բնակիչ Հայկ Թարփոշյանին պատկանող մսոսկրային ալյուրի չգործող արտադրամասից՝ երկու շարժիչ ու մեկ գազայրիչ է տանում, քանդում ու քիչ թե շատ արժեք ունեցող մետաղները հանձնում գունավոր մետաղների ընդունման կետ: Բայց քանի որ անասնագողությունը շատ ավելի սրտամոտ էր, կրկին անցնում են շարժական գույքին. գողանում են ճամբարակցի Գևորգ Մանուկովի երկու ձիերը, վաճառում Կ. Գևորգյանին ու գումարը բաժանում: Հետո Վահանն ու Արմանը Ցամաքաբերդում տեսնում են գլուխները կախ գնացող երեք գառների: Միանգամից աչքերին քայլող խաշլամա է երևում. մեկին հետևում են, գողանում ու տանում «Մաշտոցներ » կոչվող սրբատեղիի զրուցարաններից մեկի մոտ, բայց ոչ թե հետը զրուցելու, այլ մորթելու և ուտելու: Երբ կշտանում են, Վահանը, Տիգրանն ու Արմանը որոշում են ցամաքաբերդցի Էմմայի 350.000 դրամանոց ցուլն ու Անահիտի 220.000 դրամանոց հորթը տանել… ու տանում են Երևան՝ վաճառելու: Հետո նրանցից տուժում է նաև Ծաղկունքի բնակիչ Ռուբիկ Արզումանյանը. Տիգրանը, Վահանը և Արկադին գողանում են նրա 10 գառները, 9-ը ծախում 270.000 դրամի վերածում, իսկ մեկը Տիգրանենց տանը եփում ուտում: Մեկ տարին չանցած՝ գողացածն ու կերածը անասնագողերի քթից է գալիս, բայց մինչ այդ գողության մի անհաջող փորձ էլ են անում. գնում են Վահանի մեքենայի համար մարտկոց գողանալու, սակայն շների հաչոցից վախենում և մտքափոխվում են:
Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանը Արման Ա. Հովսեփյանին մեղավոր է ճանաչում 8 դրվագով կատարված գողության և գողության փորձերի մեջ և դատապարտում 4 տարվա ազատազրկման, Վահան Մարտիրոսյանին՝ 5 տարվա ազատազրկման, Հենրիկ և Արկադի Հովսեփյաններին՝ 3 տարվա պայմանական ազատազրկման, Վարդան Հովհաննիսյանին՝ 2 տարի 6 ամսվա պայմանական ազատազրկման: Դատարանը բավարարում է նաև տուժողների քաղհայցերը: Բայց դատավճռից գոհ չէ մեղադրողը. նա վերաքննիչ բողոք է բերել՝ խնդրելով 5 տարուց պակաս դատավճռի արժանացածներին դատապարտել 5 տարվա ազատազրկման, իսկ Արման Հովսեփյանի և Վահան Մարտիրոսյանի նկատմամբ նշանակել ավելի խիստ պատիժ…, որ երևի «գյուղի ապերոներից» չդառնան ու Գեղարքունիքի, Լոռու մարզերը անասուններից չցամաքեցնեն:











































