Փոփ արքա Մայքլ Ջեքսոնի մոր` Քեթրին Ջեքսոնի ներկայացուցիչը ոստիկանություն է դիմել` հայտարարելով իր գործատուի անհետացման մասին: Այս մասին հաղորդում է CNN հեռուստաալիքը:
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ` Քեթրինի ազգականները արդեն մեկ շաբաթ է` չեն կարողանում գտնել նրան:
Ջեքսոնի ներկայացուցիչ Սանդրա Ռիբերայի խոսքով` 82-ամյա Քեթրինը հուլիսի 15-ին դուրս է եկել տնից, որպեսզի մեկնի Ալբուկերկե քաղաք:
Ռիբերայի կարծիքով` նա կարող է լինել իր ավագ դստեր` Ռեբբի Ջեքսոնի հետ, որի ուղեկցությամբ էլ ճանապարհ է ընկել:
Այնուամենայնիվ, Մայքլ Ջեքսոնի երեխաները, որոնք հոր մահվանից հետո ապրում են Քեթրինի հետ, չեն կարողանում կապ հաստատել տատիկի հետ: Ամեն անգամ, երբ նրանք զանգահարում են Ռեբբիին կամ մյուս հորաքրոջը` Ջանեթին, նրանց պատասխանում են, որ Քեթրինը չի կարող պատասխանել:








































