Մասոնները շարունակում են ամենամյա համաժողովներ կազմակերպել Հայաստանում: Օրերս լրատվամիջոցներն անդրադարձել են առաջիկայում մասոնների կողմից «Արմենիա-Մարիոթում» տեղի ունենալիք նոր կոնֆերանսին:
2011-ի հուլիսին Երևանում տեղի ունեցավ աշխարհասփյուռ հայ մասոնականների համաժողովը, որի շրջանակներում Հայաստան ժամանեց Grand Orient De France օթյակի Մեծ Վարպետ պարոն Գի Արսիզենը, որն իր այցը պայմանավորեց սփյուռքում շատ լավ հայ ընկերներ ունենալով, բացի այդ, ըստ նրա՝ Հայաստանը հոգևոր կարևոր հող է, բարդ աշխարհաքաղաքական վիճակում է ու օգնության կարիք ունի։
Համաժողովի թեմաները անցյալ տարի վերաբերել են մարդու, կնոջ իրավունքներին, մարդու արժանապատվությանը, նրանք Հայաստան են ուզում բերել իրենց գաղափարախոսության հիմնարար արժեքները՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների, հավասարության մասին։ Արսիզենը նաև տեղեկացրել էր, որ կա օթյակի անդամ 10-20 հայ։ «Ես այստեղ եմ, որ այդ միստիկ պատկերացումները ջնջեմ ձեզ մոտ, ցույց տամ, որ ես սատանա չեմ»,- ասել էր Գի Արսիզենը։
2012-ին նորից կկազմակերպվի համաժողով, բայց օրը, ամիսը, վայրը դեռ պարզ չեն: Այս մասին «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեց Հայոց գերագույն օթյակի gtand master Արմեն Սիմոնյանը՝ հավելելով, որ դեռ կազմակերպչական աշխատանքների փուլում են, առաջիկա ամիսներին ամեն բան հստակ կորոշվի: Իսկ թե որ թվականից են սկսել իրենց գործունեությունը, Արմեն Սիմոնյանը դժվարացավ պատասխանել, միայն նշեց, որ անկախությունից բավական հետո սկսեցին գործունեություն ծավալել: Հարցին՝ հասարակությունն այստեղ ավելի հանդուրժո՞ղ է, ավելացրեց, որ հայ են, հայ ազգի համար են մտածում և իրենց գործունեությունը օգուտ է և՛ հայ ժողովրդին, և՛ հայրենիքին:
Արմեն Կարապետյանն էլ, որը օթյակի գրանդ մասթերներից է, զերծ մնաց հարցազրույց տալուց այս հանգրվանում: Նրա խոսքով՝ կանուխ է, քանի որ աշխարհի մեջ լավ հասկացողություն չկա նման կազմակերպությունների մասին. «Իմ կարծիքով՝ դեռևս շատ շուտ է, ժամանակը որ գա, անշուշտ, որևէ արգելք չի լինի, ես առաջարկում եմ սպասել մի չորս-հինգ ամիս»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ նախորդ տարի ֆրանսիացի փորձագետ Ռենե Շայլուն մեզ հետ զրույցում նշել էր, որ այսօր աշխարհում ում մեղադրում են մասոնականության մեջ, իրականում մեծ հաճոյախոսություն են անում: Մասոնականության հիմքերը, ըստ Շայլուի, խաչակրաց արշավանքների ժամանակ են դրվել, երբ թագավորական, եկեղեցական և մտավորական կլաններ ստեղծվեցին (13-14-րդ դարերում) և միավորվեցին այն դեպքում, երբ անգամ եկեղեցու ներկայացուցիչները վիճարկում են եկեղեցու առաջնահերթությունները: Այսինքն՝ երբ եկեղեցին բոլորին առաջ էր մղում տարբեր տիպի կռիվներին, արդեն բավականաչափ խելոք մարդիկ հայտնվել էին: Այդ մարդիկ տարորոշեցին իրական վտանգը և սկսեցին միավորվել, տարածվել միջպետական ցանցերով: Մասոնները իրենց ներքին կանոնադրության մեջ պարտադիր նշեցին, որ մենք հավատում ենք աստվածային գոյությանը, բայց ժխտում ենք բոլոր կրոնական մեկնաբանությունները՝ փաստելով, որ իրենք հակաաստվածներ չեն: Այս ամենը, ըստ էության, փորձագետի խոսքերով, գլոբալիզացիայի առաջին քայլն էր, այսինքն՝ մենք ընդունում ենք աստվածային գոյությունը, ժխտում ենք նրա հնարավոր բոլոր մեկնաբանությունները: Այսինքն՝ սա կրոնական հանդուրժողականության սահմանների վերացման առաջին փորձն էր, երբ դու ստեղծում ես մեգաստրուկտուրա, ոչ թե կլանային, ազգային: (Ի դեպ, Վերածննդի բոլոր հումանիստները մասոններ էին, որովհետև այդ գաղափարախոսությունը չափազանց գայթակղիչ էր, բացարձակ ազդում էր մարդկային բարօրության վրա, ստիպում հասկանալ, որ բոլոր մարդիկ մեկ են):
Իրականում մասոնական շարժման ալիքն այսօր աշխարհում վերջացած են համարում, այն իր ֆունկցիան կատարել է, և հիմա աշխարհը նոր ձևեր է մշակում, քանի որ հիմա մոլորակը պահելու խնդիր կա: Շայլուի խոսքերով՝ հիմա մոլորակը պահպանելու խնդիր կա, համամարդկային խնդիր է դա, քանի որ իրականում եթե աշխարհը «պայթի», ոչ ոք չի մնալու:









































