Իտալիայի Գրոսետո քաղաքում հուլիսի 21-ին տեղի է ունենալու Costa Concordia նավի խորտակման գործով երկրորդ դատական նիստը: Ինչպես և նախորդ անգամ` մարտի 3-ին, ներկայիս դատավարությունը անցկացվելու է ոչ թե տեղի դատարանի սրահում, այլ ավելի տարողունակ «Տեատրո Մոդեռնո»-ում, քանի որ շատ մարդիկ են ցանկանում ներկա լինել դատական լսմանը:
Նավի խորտակման գործով գլխավոր մեղադրյալը կապիտան Ֆրանչեսկո Սկետինոն է: Նա մեղադրվում է նավի խորտակման, շրջակա միջավայրին վնաս հասցնելու, անկանխամտածված սպանության մեջ: Բացի այդ՝ նա նավը լքել էր ուղևորների տարհանումից առաջ:
Ֆրանչեսկո Սկետինոն, ով հունվարի 17-ից գտնվում էր տնային կալանքի տակ, վերջերս ազատ է արձակվել Մետա-դի-Սորենտո քաղաքից չբացակայելու ստորագրությամբ:
Հիշեցնենք, որ նավը խորտակվել էր հունվարի 14-ին Տիրենեյան ծովում` Ջիլո կղզու մոտ: Նավաբեկության հետևանքով զոհվել էր 32 մարդ:








































