Microsoft կորպորացիայի ամենաերիտասարդ մասնագետն է դարձել 8-ամյա պակիստանցի Շոֆան Տհոբանին: Նա անցել է կորպորացիայի բարդ քննությունը՝ հավաքելով 100 հնարավոր բալերից 91-ը: Նման արդյունքի հասնելու համար տղան ջանասիրաբար աշխատել է իր վրա, 13 ամիսների ընթացքում ուսումնասիրել ընկերության բոլոր տեխնոլոգիական հնարավորությունները: Այս մասին հաղորդում է Lifenews-ը:
Իր երազանքն իրականություն դարձնելու և սերտիֆիկացված մասնագետ դառնալու համար տղան ստեղծել է ինտերնետ-պրոտոկոլի և դոմենների բարդ համակարգ: Microsoft-ի ներկայացուցիչ Թոմաս Ջենսենը հաստատել է այդ տեղեկությունն ու ավելացրել, որ սա ֆենոմենալ երևույթ է:
Փոքրիկի հայրը մեծ հպարտությամբ է խոսել որդու մասին: Հայրը ղեկավարում է Thobson Technologies խոշոր տեխնոլոգիական ընկերությունը:
Շոֆանը հաշվիչ չի օգտագործում, բոլոր մաթեմատիկական հաշվարկներն անում է մտքում: Նշենք, որ նա համակարգչային դասընթացների է սկսել հաճախել 5 տարեկանից:









































