Սմարթֆոնների համար նախատեսված Windows Phone 8 օպերացիոն համակարգը շուկա դուրս կգա 2012-ի նոյեմբերին: Այս մասին գրում է ZDNet-ը՝ հղում անելով անանուն աղբյուրներին:
ZDNet-ի տեղեկությունները հակասում են Nokia ընկերության ղեկավար Սթիվեն Իլոպի հայտարարությանը: The New York Times-ի հետ հուլիսի 19-ին կայացած հարցազրույցում նա պատմել էր, որ Windows Phone 8-ը կթողարկվի հոկտեմբերին: Չի բացառվում, որ Իլոպը նկատի է ունեցել սարքեր արտադրողներին համակարգերի բաշխման ժամկետը:
Windows Phone 8-ը հիմնված կլինի NT միջուկի վրա, որոնք ներդրված են նաև համակարգիչների համար նախատեսված Windows օպերացիոն համակարգերում: Այն կտարբերվի Windows Phone 7-ից, որի հիմքում CE բջջային միջուկն է:
Նոր համակարգը հնարավոր չի լինի տեղադրել այն ապարատների վրա, որոնք աշխատում են Windows Phone 7-ով: Այդ սարքերի համար կթողարկվի WP7.8 թարմացումը, որը թույլ կտա օգտատերերին ստանալ նոր համակարգի հնարավորությունների մի մասը:
Հայտնի է, որ Windows Phone 8 օպերացիոն պլատֆորմով սմարթֆոնները կլինեն բազմամիջուկ և կկարողանան աշխատել microSD հիշողության քարտերով: Սպասվում է, որ այդ օպերացիոն պլատֆորմով առաջին սարքերը կթողարկեն HTC-ն, Huawei-ը, Nokia-ն ու Samsung-ը:







































