Վիկտոր Համբարձումյանի 2012 թվականի միջազգային մրցանակը շնորհվել է պրոֆեսոր Յան էյնաստոյին (Էստոնիա) և պրոֆեսոր Իգոր Նովիկովին (Ռուսաստան):
Այս մասին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի փոքր դահլիճում տեղի ունեցած ասուլիսում հայտնեցին Վիկտոր Համբարձումյանի անվան մրցանակի միջազգային հանձնաժողովի նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը և նույն հանձնաժողովի գիտական քարտուղար Արեգ Միքայելյանը:
«Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակը սահմանվել է ՀՀ նախագահի կողմից՝ 2009 թվականին և ներկայումս աստղագիտության, աստղաֆիզիկայի և հարակից գիտությունների բնագավառում կարևորագույն մրցանակներից մեկն է: Այն հանձնվում է ցանկացած երկրի և ազգության ականավոր գիտնականների, ովքեր նշանակալի ներդրում ունեն գիտության մեջ: Մրցանակը կազմում է 500.000 ԱՄՆ դոլար և տրվում է ամեն երկու տարին մեկ անգամ` սկսած 2010թ.»,- իր խոսքում նշեց Ռ. Մարտիրոսյանը: Նա նաև հավելեց, որ թեկնածուների առաջադրումների վերջնաժամկետը եղել է մարտի 18-ը:
ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանի գլխավորած մրցանակի միջազգային հանձնաժողովը գիտությունների ազգային ակադեմիաներից, համալսարաններից, աստղադիտարաններից և Նոբելյան մրցանակի դափնեկիրներից ստացել է ականավոր գիտնականների և գիտական խմբերի 12 առաջադրում աշխարհի տարբեր երկրներից: Ներկայացված աշխատանքների մանրակրկիտ ուսումնասիրության, ինչպես նաև անկախ գրախոսների կարծիքների հիման վրա, հանձնաժողովը մի շարք քննարկումներ է ունեցել և արդյունքում որոշվել է մրցանակը կիսել պրոֆեսոր Յան էյնեստոյի (Տարտուի աստղադիտարան, Էստոնիա), ով առաջադրվել էր Տարտուի աստղադիտարանի կողմից՝ «թաքնված նյութի և տիեզերական ոստայնի հայտնաբերման մեջ իր հիմնարար ներդրումների համար», և պրոֆեսոր Իգոր Նովիկովի (Տիեզերական աստղագիտության կենտրոն, Պ.Ն. Լեբեդևի անվան ֆիզիկայի ինստիտուտ, Ռուսաստան) միջև, ով առաջադրվել էր Վիլնյուսի համալսարանի Տեսական ֆիզիկայի և աստղագիտության ինստիտուտի (Լիտվա) կողմից՝ «Ջերմ Տիեզերքի մոդելի դիտողական հաստատման եղանակի առաջին ձևակերպման և քվազարների զանգվածների որոշման եղանակ առաջարկելու համար:









































