Ինչպես փոխանցում է իրանական Press TV-ն, այսօր Բահրեյնում շարունակվել են բախումները շիա մեծամասնության, որը հանդես է գալիս հակակառավարական կոչերով, և ոստիկանության միջև:
Այսօրվա բողոքի ցույցերը կապված էին երեկ մի շիայի սպանության հետ, որը, ըստ մուսուլմանական ավանդույթի, այսօր պետք է հուղարկավորվեր: Սակայն այդ հուղարկավորությունը վերածվել է իսկական ցույցի, որի ժամանակ ոստիկանությունը զենք է օգտագործել` սպանելով երկու ցուցարարի, վիրավորելով ևս 20-ին: Դեպքը տեղի է ունեցել երկրի մայրաքաղաք Մանամայում:
Հիշեցնենք, որ Բահրեյնում արդեն երկու օր է՝ շարունակվում են հակակառավարական բողոքի ակցիաները: Երկրի բնակչությունը, որը մեծամասամբ շիա մուսուլմաններ են՝ ի տարբերություն իշխանական վերնախավի, որ սուննի են, պահանջում են կառավարության հրաժարականը` բողոքելով շիաների հանդեպ նրանց խտրական վերաբերմունքից: Շիաները նաև աջակցություն են ստանում Իրանից: