Հայաստանում անձնագրերի դեֆիցիտի հարցը վերջին օրերի ամենաքննարկվող թեմաներից է, որի պատճառների վերաբերյալ այսօր հանգամանալից բացատրություններ տվեց ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը: Փոխոստիկանապետը հերքեց, թե այսօրվա դրությամբ Հայաստանում անձնագրերի դեֆիցիտ կա: Նրա խոսքով, պարզապես տուրիստական սեզոնը հաշվի առնելով՝ շատացել են անձնագիր պահանջողները. «Անձնագրերի պահանջարկը մեծացել է, և շատ հասկանալի պատճառներով, մարդիկ հիմնականում ցանկանում են արագ փոխել անձնագիրը, անձնագրավորման աննախադեպ աճ կա: Ուշացումների պատճառը դա է: Իսկ եթե արտառոց դեպք է եղել՝ մերժել են և այլն, այդ խնդիրները հարթվում են»,- ասաց փոխոստիկանապետը:
Նա նաև խնդրեց ամենևին խուճապի մեջ չընկնել այն մտքից, որ անձնագրեր այսուհետ նաև հայկական ընկերության կողմից են արտադրվելու: «Նախորդ տարի մեր կողմից հայտարարված մրցույթում հաղթել էր ֆրանսիական ընկերությունը, որն էլ տպագրում էր Հայաստանի անձնագրերը, իսկ այս տարվա մայիսին հայտարարված մրցույթում հաղթել է մեր տեղական ընկերությունը և որևէ կերպ չի զիջում արտասահմանյանին` միջազգային չափանիշներին համապատասխանության հարցով:
Փոխոստիկանապետի խոսքով՝ անձնագրային երեք նոր կետերի բացում է սպասվում Երևանում` այն հատվածներում, որտեղ դրանք, մեղմ ասած, անմխիթար վիճակում էին: Խոսքը վերաբերում է Արաբկիրի, Քանաքեռ-Զեյթունի, իսկ ավելի ուշ նաև Կենտրոնի անձնագրային բաժիններին:











































