ԼՂՀ նախագահական ընտրություններն առանձնացան թեկնածուների միջև լուրջ մրցակցությամբ և ընդդիմության՝ բավական միավորված հանդես գալու հանգամանքով: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Նրա խոսքով` նախագահի ընդդիմադիր թեկնածու Վիտալի Բալասանյանը մեծ թվով քվեներ հավաքեց հենց ընդդիմության՝ բավական միասնական լինելու շնորհիվ:
«Բոլոր գնահատականներով` Արցախում իրական ընդդիմություն է ձևավորվում, և միտում կա, որ այն կձևավորվի նաև խորհրդարանում: Իսկ իշխանությունները չեն կարող հաշվի չնստել սրա հետ»,- ասաց Իսկանդարյանը՝ հավելելով, որ ղարաբաղյան ընդդիմության ծավալած հետագա գործունեությունը մեծապես կախված է Վիտալի Բալասանյանի և նրան սատարողների հետագա աշխատանքի որակից:
«Ճիշտ է, նախագահական ընտրությունները Լեռնային Ղարաբաղում հիմնականում հանգիստ անցան, սակայն ակնհայտ է, որ քաղաքական միջավայրն այնտեղ փոխվում է: Ակնհայտ է նաև, որ ընտրություններին գործի դրվեցին վարչական ռեսուրսներ: Ընդհանուր առմամբ, ղարաբաղյան ընտրությունները որոշակի նմանություն ունեն հայաստանյան ընտրությունների հետ: Դա, նախևառաջ, թեկնածուների միջև մրցակցությունն է, նաև՝ վարչական ռեսուրսի կիրառումը: Այնպես որ` Ղարաբաղում և Հայաստանում տեղի ունեցող ընտրությունների միջև գլոբալ տարբերություններ գրեթե չկան»,- ասաց քաղաքագետը:
Ամփոփելով՝ Ալեքսանդր Իսկանդարյանը նկատեց, որ ԼՂՀ նախագահական ընտրությունները լայնորեն լուսաբանվեցին, սովորության համաձայն՝ հիստերիկ մեկնաբանություններ լսվեցին նաև Ադրբեջանից:
Հիշեցնենք, որ նախագահական ընտրությունները Արցախում կայացել էին երեկ՝ հուլիսի 19-ին: Ձայների 66,7 տոկոսով հաղթել է գործող նախագահ Բակո Սահակյանը:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի