Պոլիտեխնիկում դիմորդների կուտակում է եղել ՏՏ ոլորտի մասնագիտությունների գծով. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ) ռեկտոր Արա Ավետիսյանը՝ անդրադառնալով բուհում ընդունելության ցուցանիշներին։ Նա նշեց, որ այս տարի, ինչպես և սպասելի էր, կուտակում ունեն ՏՏ ոլորտում իրականացվող մասնագիտությունների գծով՝ տասներկու մասնագիտություններ չորս ֆակուլտետներում։ Ըստ նրա՝ ամենամեծ մրցակցությունն ունեն հենց այս ֆակուլտետներում։
Ռեկտորի խոսքով՝ պակաս պահանջարկ ունեցան լեռնաարդյունաբերություն, նյութագիտություն և քիմիատեխնոլոգիաներ, կենսատեխնոլոգիաներ մասնագիտությունները, ինչը, բանախոսի համոզմամբ, ավանդույթ է դարձել, բայց այստեղ ևս շարժ կա:
Անդրադառնալով բուհում նախատեսվող ընդունելության տեղերին՝ նա ասաց, որ այս տարի 1286 տեղ էր նախատեսված, որից 243-ը՝ պետպատվերային, իսկ մնացածը՝ վճարովի։ Ռեկտորի տեղեկացմամբ՝ ունեցել են 1302 դիմորդ, ովքեր առաջին հայտով դիմել էին համալսարան։ Արա Ավետիսյանի խոսքով՝ բոլոր մասնագիտություններով լուրջ մրցույթ է եղել։ «Մենք փոքրիկ վերլուծություն կարողացանք անել: Բոլոր բուհերում դիմորդներից 4232-ը իրենց դիմում հայտերում նշել էին մեր համալսարանի այս կամ այն մասնագիտությունը: Ընդհանուր առմամբ, հայտագրված էր 11370 դիմորդ: Սա լավ ցուցանիշ էր, եթե հաշվի առնենք, որ հասարակական միտումը հումանիտար, հասարակագիտական մասնագիտություններին է ուղղված։
Այս մտածելակերպի փոփոխությունը կլինի մեր տնտեսության ակտիվացմանը զուգընթաց։ Եթե նախանցած տարի առաջին հայտով դիմել էր 1516 դիմորդ, ապա ընդհանուր դիմորդների թիվը ավելի քիչ էր, քան այս տարի՝ 4332-ը»,- մանրամասնեց ռեկտորը՝ շարունակելով, որ արդյունքում, այս պահին ամփոփված փուլում, ունեն 1170 ընդունված և երկրորդ հայտագրման փուլում հայտագրված է ևս 35 դիմորդ։
Արա Ավետիսյանը նաև տեղեկացրեց, որ այս տարի համալսարանը ընդունելություն է կազմակերպել երեք նոր մասնագիտություններով՝ ատոմակայաններ և դրանց տեխսպասարկում, մյուսը՝ էներգետիկայի ավտոմատացում. այս երկուսը էներգետիկայի ֆակոլտետում, և մի մասնագիտություն՝ սննդի անվտանգության տեխնոլոգիաներ։
Նա նաև ասաց, որ այս տարի նախաընդունելության գովազդային շրջան են կազմակերպել, գործնականում բոլոր շրջկենտրոններում անցկացրել են հանդիպումներ ավարտական դասարան ունեցող շրջանավարտների, ուսուցչական կազմի հետ, պատրաստել են բուկլետներ համալսարանի մասին, «Պոլիտեխնիկ» թերթը ևս գովազդի ձևով ներկայացրել էր համալսարանի բոլոր բաժինները, նաև 32-րոպեանոց հոլովակ են պատրաստել՝ որտեղ են սովորում պոլիտեխնիկցիները, ինչ պայմաններում են սովորում, որտեղ են հետագայում աշխատում պոլիտեխնիկցիները։









































