Շվեդիայի իշխանությունները հերքում են, որ Բուրգասի օդանավակայանում ահաբեկչություն իրականացրած մահապարտը եղել է իր երկրի քաղաքացի Մեհդի Ղեզալին: Այս մասին հաղորդում է Haaretz-ը՝ վկայակոչելով շվեդական TT գործակալությանը:
Իրենց հերթին, Բուլղարիայի իշխանությունները հանդես են եկել համապատասխան հայտարարությամբ: ABC News-ին տված հարցազրույցում Բուլղարիայի իշխանությունների պաշտոնական ներկայացուցիչները հայտնել են, որ ԶԼՄ-ների կողմից տարածված ենթադրյալ մահապարտի անունը իրականությանը չի համապատասխանում:
Տեղեկությունը, թե Բուլղարիայի ահաբեկչությունն իրականացրել է ալժիրյան ծագմամբ Շվեդիայի 33-ամյա քաղաքացի Մեհդի Ղեզալին, բուլղարական ԶԼՄ-ներում հայտնվել է հուլիսի 19-ի կեսօրին: Հաղորդվում էր, որ Ղեզալին 2002-2004 թթ. ընթացքում բանտարկյալ է եղել Գուանտանամոյի բանտում, որից հետո հանձնվել է Շվեդիային, սակայն այստեղի իշխանությունները նրան ազատ են արձակել:
Հիշեցնենք. հուլիսի 18-ին Բուրգասի օդանավակայանում մահապարտ ահաբեկիչն ավտոբուս էր պայթեցրել, ինչի հետևանքով զոհվել էր 7 (այդ թվում՝ ինքը՝ մահապարտը), վիրավորվել՝ ավելի քան 30 մարդ: Զոհերի ու վիրավորների ճնշող մեծամասնությունը իսրայելցի զբոսաշրջիկներ են եղել:









































