Ռուսական ВЗГЛЯД թերթի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին երեկ ուշ երեկոյան տեղի ունեցած կառավարության նիստում գնահատական է տվել երկրի արևելյան շրջաններին բնական աղետի պատճառած վնասին.
«Բնական աղետից տուժել է Արևելյան Վրաստանի գրեթե ողջ տարածքը: Այդ վնասն անցնում է հարյուրավոր միլիոններից: Պետք է վերակառուցվեն տասնյակ տներ: Բնական աղետից տուժել է ավելի քան 14,000 ընտանիք, որոնք առավելագույն կարճ ժամանակահատվածում կստանան նյութական օգնություն, այդ թվում՝ նաև իրենց շինության վերականգնման համար:
Նախնական տեղեկություններով՝ քամին պոկել է 770 տան տանիք, կտրել է էլեկտրահաղորդման գծերը, շարքից հանել է գազատարներն ու ջրի խողովակաշարերը, ավերել է ճանապարհները: Ամենաշատը տուժել է Կախեթը:
Քամին, սելավն ու կարկուտը ոչ միայն վնասել են շինություններն ու ճանապարհները, այլև բազմաթիվ գյուղացիների, որոնք բանկերից վարկեր էին վերցրել, թողել են առանց բերքի: Հազարավոր հեկտարների վրա ոչնչացվել է բերքը: Անթույլատրելի է, որ այդ մարդիկ մնան առանց գոյատևման միջոցների»:
Սաակաշվիլին կառավարության անդամներին կոչ է արել համախմբել բոլոր ջանքերը ինչպես տուժած շրջանների վերականգնման, այնպես էլ բնակչությանը արտակարգ օգնություն ցուցաբերելու համար։









































