Հուլիսի 19-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Դիեգո Էրնեստո Ալվարես Ռիվերային:
Հանդիպմանը Նորին Սրբությունը շնորհավորել է դեսպանին նշանակման առիթով` մաղթելով արդյունավետ առաքելություն Հայաստանում, ապա անդրադարձ կատարեց երկու երկրների միջև առկա համագործակցությանը: Վեհափառ Հայրապետն ուրախություն է հայտնել, որ Արգենտինայի հետ միջպետական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են գտնվում և արտացոլում են երկու ժողովուրդների միջև առկա ջերմ կապերը:
Այնուհետև Նորին Սրբությունը գոհունակությամբ անդրադարձել է Արգենտինայի հայ համայնքի դերակատարությանը երկրի կյանքին` նշելով, որ արգենտինահայ համայնքը Սփյուռքի լավագույնս կազմակերպված հզոր համայնքներից է և սիրված ու հարգված է երկրում, որտեղ հայությունը շաղախված է երկրի մշակույթին և առհասարակ կյանքի բոլոր ոլորտներին: Նորին Սրբությունը մասնավորապես արգենտինահայերի մեջ ընդգծել է բարեսիրական ոգին, ովքեր իրենց նվիրական պարտքն են համարում զորակցել ազգային կյանքին, հոգևոր և մշակութային տարբեր հաստատություններին:
Իր հերթին Արգենտինայի դեսպանը շնորհակալություն է հայտնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ջերմ ընդունելության համար և վստահեցրել, որ պիտի ջանա նպաստել երկու երկրների ու երկու ժողովուրդների միջև առկա բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդմանը:








































