ММВБ-РТС բորսայում ուկրաինական ընկերության բաժնետոմսերի առաջին հրապարակային տեղաբաշխումը տեղի կունենա մինչև 2012թ. վերջը: Այս մասին գրում է «Կոմերսանտ-Ուկրաինան»:
Ռուսական և ուկրաինական կարգավորողների ներկայացուցիչներին հաջողվել է այս մասին համաձայնության գալ Մոսկվայում կայացած բանակցությունների ընթացքում: Քրոս-լիսթինգի պիլոտային նախագիծը նախատեսում է թողարկողի (էմիտենտ) արժեթղթերի տեղաբաշխում երկու երկրների հարթակներում:
Թե հատկապես ինչ ընկերություններ կարող են Մոսկվայում հայտնվել էմիտենտի կարգավիճակում` առայժմ դժվար է ասել:
Ռուսական կողմը բանակցություններ է վարում մեքենաարտադրողների և ռիթեյլի ոլորտի կազմակերպիչների հետ: Առաջինը ցանկանում է տեղաբաշխել բաժնետոմսերը, երկրորդը` պարտքային գործիքները:
Զուգահեռաբար քննարկվում է ռուսական էմիտենտների մատչումի հարցը ուկրաինական շուկա: Որպեսզի կարողանան մատչում ստանալ ММВБ-РТС-ի ցուցակ, ուկրաինացիներին բավական է ունենալ 1.8 մլն դոլար կապիտալիզացիա:
Ուկրաինական ընկերությունները հետաքրքրված են ռուսական շուկայով մասնավորապես այն պատճառով, որ արևմտյան ներդրողները խորհրդարանական ընտրություններից առաջ ու հետո չեն շտապում միջոցներ ներդնել երկրում:








































