Վրաստանյան ընտրություններին ջավախահայությունն ավանդաբար քվեարկում է իշխանությունների օգտին, հիմնականում՝ նույն այդ իշխանություններին ենթակա տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների կողմնորոշմամբ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ծնունդով ջավախքցի, ՀՀԿ-ական պատգամավոր Շիրակ Թորոսյանը՝ հավելելով, որ վրացական իշխանություններն ընտրություններին ջավախքցիների՝ 80-90 տոկոս մասնակցություն են ցույց տալիս, ինչն այնքան էլ արժանահավատ ցուցանիշ չէ:
«Վիրահայ համայնքն ավանդաբար խիստ պասիվ մասնակցություն է ունենում այդ երկրի ներքաղաքական գործընթացներին, այդ թվում՝ ընտրություններին, քանի որ մարդիկ իշխանություններից իրենց խնդիրների լուծման հետ կապված առանձնակի ակնկալիքներ չունեն: Որևէ քաղաքական ուժ՝ լինի դա իշխանական, թե ընդդիմադիր, իրենց նախընտրական ծրագրերում Ջավախքի և ջավախահայության խնդիրների վերաբերյալ որևէ կոնկրետ կետ չեն ներառում: Այդ է պատճառը, որ աշնանը կայանալիք խորհրդարանական ընտրություններին ջավախահայությունն, ըստ էության, պետք է ուշադրությունը սևեռի ընտրություններին մասնակցող կուսակցությունների ծրագրերին»,- ասաց Շիրակ Թորոսյանը:
Ամփոփելով՝ ՀՀԿ-ական պատգամավորը նկատեց, որ չնայած վերը թվարկած բոլոր պատճառներին, ջավախահայ համայնքի ձայները վճռորոշ դեր են խաղում վրաստանյան ընտրություններում:











































