Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին.
Պարոն նախագահ,
Օրերս մամուլից տեղեկացանք, որ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունը քրեական գործ է հարուցել մեր նախաձեռնության կողմից հրապարակված տեղեկությունների հիման վրա՝ կապված ԼՂՀ Մարտունի – 2 զորամասում հնդկական գոմեշի սառեցված մսի մթերման փաստի, և այդ փաստը հայտնաբերողի՝ ՊՆ խորհրդական Գեղամ Հարությունյանի կողմից այդ ապօրինության մասին պաշտպանության նախարարին չզեկուցելու հետ:
Մենք կոչ ենք անում Ձեզ անձնական վերահսկողության տակ առանել այս խոշոր չափերի չարաշահման քննության ընթացքը, որպեսզի կանխվի գործը կոծկելու հնարավորությունը: Մենք դիմում ենք ձեզ՝ որպես ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատար խնդրանքով. հետևել, որպեսզի բոլոր նրանք, ովքեր ներգրավված են այս առավել խոշոր չափերի չարաշահման մեջ՝ պատժվեն օրենքի ողջ խստությամբ:
Պարոն նախագահ
Երեք տարի առաջ, երբ ձևավորվում էր ՊՆ հասարակական խորհուրդը, կար հնարավորություն ձևավորել մի այնպիսի ակտիվ գործող կառույց, որը կօգներ պաշտպանության նախարարին լուծել բանակային խնդիրները: Սակայն ցավոք հասարակական խորհուրդը իր գործունեությունն ավարտում է անփառունակ՝առավելի խոշոր չափերի չարաշահման սկանդալի կենտրոնում:
Պարոն նախագահ
Մենք կոչ ենք անում Ձեզ բացառել ՊՆ հասարակական խորհրդի նոր կազմում Գեղամ Հարությունյանի վերանշանակման հնարավորությունը: Գեղամ Հարությունյանն արձանագրել է, որ մեր զինվորները մասսայաբար հրաժարվել են գոմեշի մսից պատրաստված կերակուրից, տեսել է նրանց թերսնվելու փաստը և փոխանակ այս քստմնելի ապօրինության մեղավորներին բացահյտելու ուղղությամբ քայլեր ձեռնարկի, ինչը պարտավոր էր անել ի պաշտոնե լինելով հասարակական խորհրդի նախագահ, չի զեկուցել Սեյրան Օհանյանին:
Պարոն նախագահ
Նման նկարագրի տեր, քրեական գործով անցնող չինովնիկի վերանշանակվելը հասարակական խորհրդի նախագահի պաշտոնում կխաթարի բանակի հանդեպ մեր հասարակության հավատը: Միթե մեր երկրում չկա չապականված բարոյական նկարագիր ունեցող գործիչ, ով ունակ կլիներ գլխավորել այդ պատասխանատու հաստատությունը: Ի վերջո երբեք ձեռքին զենք չբռնած, բայց երկրորդ աստիճանի մարտական խաչի շքանշանակիր մարդը իրավունք չունի բանակի հանդեպ հասարակական վերահսկողություն իրականացնել:
Պարոն նախագահ
Մենք խնդրում ենք Ձեզ կանխել մեր բանակին ուղղված ծանր բարոյական հարվածը և թույլ չտալ, որպեսզի մեր զինվորների նորմալ սնվելու հաշվին փող լվալու հանցավոր գործարքում ներգրավված, քրեական գործով անցնող անձը վերանշանակվի ՊՆ հասարակական խորհրդի նախագահ:
Հարգանքներով՝ «Բանակում անարդարություններին ոչ» նախաձեռնություն
Հովհաննես Սարգսյան՝ պահեստազորի փոխգնդապետ
Արա Թադևոսյան՝ պահեստազորի փոխգնդապետ
Գարեգին Սերոբյան՝ ազատամարտիկ
Սամվել Վարդանյան՝ ազատամարտիկ
Հրանտ Դանիելյան՝ ազատամարտիկ
Արմեն Գաբրիելյան՝ ԼՂՀ ՊԲ N զորամասի նախկին զինծառայող
Արտյոմ Սահակյան՝ ԼՂՀ ՊԲ N զորամասի նախկին զինծառայող









































