Այսօր հուլիսի 19-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 6.00–ի սահմաններում Արարատի մարզի Այնթապ գյուղի 16 փողոցի բնակիչ 33–ամյա Վարազդատ Սարգսյանը, վարելով «Կամազ 53213» մակնիշի 067 ОО 62 համարանիշի բեռնատար ավտոմեքենան՝ Երևան–Սևան ավտոճանապարհի 44–րդ կմ–ում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի երկաթե արգելապատնեշներին և մոտ 50 մետր գլորվել ձորը։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը դեպքի վայրից հայտնել է News.armeniatv.com-ին, որ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հրազդանի բժշկական կենտրոն։ Գ. Շամշյանը հայտնում է, որ նշված ավտոմեքենան պատկանում է Երևանի Բակունց 1–ին նրբանցքում գրանցված «Միկա Արմենիա Թրեյդինգ» ՍՊԸ–ին։ Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ վթարի արդյունքում թափվել է մոտ 10 տոննա բենզին։
Դեպքի վայր են ժամանել 2–րդ սպայական գումարտակի 3–րդ վաշտի աշխատակիցները՝ հրամանատար Արսեն Գրիգորյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Կոտայքի մարզի Հրազդանի հրշեջ–փրկարար ջոկատի մեկ մարտական հաշվարկ, քանի որ կար մտավախություն, որ կարող՝ էր հրդեհ բռնկվել։
Ցիստեռնում եղած բենզինի մնացած մասը մեկ այլ մեքենայով տեղափոխվել է։ Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում էր Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի ավագ քննիչ Վահե Կարապետյանը։
Գ. Շամշյանը նաև հայտնել է, որ նշված ավտոմեքենան ձորից դուրս բերելու համար պետք է բերվի հատուկ տեխնիկա և այն դուրս բերելուց հետո քննիչի հանձնարարականով տեղափոխվելու է Ոստիկանության Հրազդանի բաժնի հատուկ պահպանման տարածք։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի









































