Ադրբեջանական ANS PRESS-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի պետ Ալի Հասանովը հայտարարել է, որ հաջորդ տարի Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններում իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության (ԵԱԿ) թեկնածուն լինելու է ներկայիս նախագահ Իլհամ Ալիևը.
«ԵԱԿ-ի նախագահական թեկնածուն կուսակցության նախագահ, երկրի գործող ղեկավար Իլհամ Ալիևն է: Դա միանշանակ է, քանի որ կուսակցությունը չունի նրան այլընտրանք: Սակայն Իլհամ Ալիևը դեռ հայտարարություններ չի արել 2013 թվականի նախագահական ընտրությունների համար: Դրա համար էլ ԵԱԿ-ի ղեկավարությունը քննարկումներ չի ծավալել այդ թեմայով»:
Հիշեցնենք, որ սրանից առաջ Ադրբեջանի հիմնական ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության նախագահ Իսա Ղամբարը հայտարարել է, որ Իլհամ Ալիևն առաջիկա նախագահական ընտրություններում չի առաջադրելու իր թեկնածությունը: Կարծիքներ կան, որ Ադրբեջանի հաջորդ նախագահ կարող է դառնալ Իլհամ Ալիևի կինը՝ Մեհրիբան Ալիևան:









































