Facebook-ի օգտատեր Վաչե Սիմոնյանը Facebook-ի իր էջում այսօր գրում է.
«Ես Երևան քաղաքի հասարակ բնակիչ եմ, ով ծնվել, մեծացել և ներկայումս աշխատում է մայրաքաղաքում: Ազատ ժամանակ հեռուստացույց եմ դիտում և այլ հեռուստաընկերությունների շարքում դիտում եմ նաև ձերը: Ընդհանուր առմամբ գոհ եմ և հավանում եմ ձեր ընտրած ֆորմատը, սակայն կցանկանայի անդրադառնալ «Արի ամուսնանանք» հաղորդաշարին` մի հակահիգիենիկ երևույթի, որն աղտոտում է ձեր եթերը: Եկեք չդիտենք այն տեսանկյունից, թե` եթե իմ դուրը չի գալիս, կարող եմ փոխել ալիքը. հարցը երևույթի մասին է:
Կարծում եմ` բոլորս էլ հաճույք ենք ստանում վերոնշյալ հաղորդման ռուսական տարբերակը դիտելիս: Առաջին հերթին ուզում եմ նշել, որ լինելով շոու (խոսքը ռուսական տարբերակի մասին է)` այդ հաղորդումը վերջիվերջո պետք է նաև ծառայի իր նպատակին, որը ռուսական տարբերակի դեպքում, ըստ իս, հաջողվում է:
Երկրորդը` դիտելով ռուսական տարբերակը` միանգամայն աչքի է ընկնում այն պատասխանատվությունը և պրոֆեսիոնալիզմը, որով հաղորդման պատասխանատուները առաջնորդվում են: Դա պարզ է դառնում առաջին հայացքից աննշան թվացող մանրուքներից, ինչպիսիք են օրինակ` մասնակիցների նկարները: Ո՞ր մի ողջամիտ մարդը եթերում կներկայացնի մասնակցի նկարը, որտեղ պատկերված անխնամ և փնթի արտաքինով երիտասարդը կքանստած է Հանրապետության հրապարակում: Ինչո՞ւ ստեղծել տպավորություն, թե դա է մեր ազգը` առանց ներկայացուցչական որևէ տվյալների` ի տարբերություն ռուսների:
Սակայն ես խորապես համոզված եմ, որ տարբերությունն ընդամենը նրանում է, որ ռուսական տարբերակում հաղորդման պրոդյուսերը դժվար թե թողնի ամեն մի թափթփուկի հանդես գալ իր հաղորդման եթերից, ինչից պարզ է դառնում, որ պատասխանատուները հետաքրքրված են որակով, էսթետիկայով, բովանդակությամբ, որոնք իրենց հերթին նպաստում են ինչպես ցուցանիշի բարձրացմանը, այնպես էլ ազգային` թեկուզ և արտաքին, արժեքների պահպանմանը:
Այսինքն` նշված դեպքում պատասխանատու աշխատակիցները միանշանակ չեն գնա բազում «զոհերի» (հեռուստադիտողին անճաշակ և տխմար հաղորդում հրամցնելու տեսքով)` իրենց հեռուստաաղբի շարունակականությունը ապահովելու համար:
Ես կհասկանայի, եթե այս պլագիատը տևեր, ասենք, մոտ 2 շաբաթ, որից հետո, իրենց նախաձեռնությունից հիասթափված, պրոդյուսերները դադարեցնեին դրա հետագա հեռարձակումը, բայց դա տեղի չունեցավ ձեր դեպքում:
Հաջորդը, ինչին կուզենայի անդրադառնալ, հաղորդավարուհիներն են: Ափսոսում եմ և հուսահատվում այն տխուր փաստից, որ իրենց ասպարեզում շնորհալի, կայացած և հարգանք վայելող արվեստագետները դարձել են ռեյտինգի զոհ և ակամայից ստվեր են գցում իրենց անցած մշակութային ուղու վրա:
«Արի ամուսնանանք» հակաշոուի վերաբերյալ, որը հումորի անսպառ աղբյուր է, կարելի է դեռ երկար գրել` թեկուզ այն ազդեցության մասին, որ նա թողնում է հեռուստադիտողի վրա, այն անցանկալի տպավորության մասին, որը ձեռք է բերում օտարերկրացին առաջին անգամ այն դիտելուց, բայց ես կավարտեմ այսքանով` մնացածը թողնելով ձեր հայեցողությանը և բարի կամքին:
Լուսանկարը՝ Bravo.am-ի









































