Իրանական Fars News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ չնայած հուլիսի 1-ին ամբողջովին ուժի մեջ է մտել իրանական նավթի ներկրման վրա հունվարի 23-ին ԵՄ-ի սահմանած բեռնարգելքը՝ Հնդկաստանը, Չինաստանն ու Թայվանը կտրուկ ավելացրել են իրանական նավթի ներկրումը:
Նշվում է, որ հուլիսին Չինաստանը դարձել է իրանական նավթի խոշորագույն ներկրողը: Ակնկալվում է, որ Չինաստանը, իրանական նավթի գնման համար ստանալով զեղչ, ամսվա վերջի դրությամբ՝ օրական կներկրի 890,000 բարել իրանական նավթ: Մինչդեռ այս տարվա հունվարին Չինաստանն օրական ներկրել է 430,000 բարել նավթ: Ստացվում է, որ Չինաստանն իրանական նավթի ներկրումն ավելացրել է 54 տոկոսով:
Իրանական լրատվամիջոցը նշում է, որ երբ այս տեղեկատվությունը հաստատվի Չինաստանի կողմից, ապա դա ի ցույց կդնի Իրանի հանդեպ ԱՄՆ-ի վարած քաղաքականության անարդյունավետությունը:
Հուլիսին Հնդկաստանի կողմից իրանական նավթի ներկրումը, հունվարի համեմատ, աճել է 37 տոկոսով և կազմել 335,000 բարել: Ինչ վերաբերում է Թայվանին, ապա հուլիսին նա ավելի քան երկու անգամ ավելացրել է իրանական նավթի օրական ներկրումը՝ նախորդ տարվա հուլիսի համեմատ: Ներկայումս Թայվանն օրական ներկրում է 65,000 բարել իրանական նավթ:
Ակնկալվում է նաև, որ հուլիսին Ճապոնիայի կողմից իրանական նավթի օրական ներկրումը կազմելու է 98,000 բարել, ինչը 1/3-ով ավելի պակաս է՝ նախորդ տարվա հուլիսի համեմատ: Ապահովագրության հետ խնդիրներ ունեցող Հարավային Կորեան հնարավորություն չունի ներկրել իրանական նավթ:









































