Սիրիայում 2011-ի մարտից շարունակվող հակամարտությունը չէր կարող ազդեցություն չունենալ երկրի բնակչության քրիստոնյա հատվածի վրա, ինչի հետևանքով բազմաթիվ հայեր փախչում են բռնությունից՝ վերադառնալով հայրենիք: Միգրանտներին ընդունելու համար Հայաստանում խումբ կձևավորվի: Նախաձեռնության նպատակն է աջակցել հայրենակիցներին: Այս մասին տեղեկացնում է Turkish Weekly-ն ու նշում, որ Հայաստան գաղթածների թիվը հայտնի չէ:
Խմբում կներառվեն իրավաբաններ, որոնք էմիգրանտներին կուղղորդեն տարբեր իրավական գործընթացներում և կօգնեն՝ պաշտպանելու իրենց իրավունքները: Իրավաբան Լյուդվիգ Դավթյանը Cross-border Protection of Migrants’ Human Rights խմբի հիմնադիրներից է: Խումբը ստեղծվել է Հայաստանի դատական փորձագետների և իրավաբանների ասոցիացիայի կողմից:
Դավթյանը Hürriyet Daily News-ին հաղորդել է, որ խումբը բանակցել է Հայաստանի Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ և նրան տեղեկացրել նոր նախաձեռնության և աշխատանքների կազմակերպման մասին: Ի դեպ, պարբերականը նախարարի մասին գրել է արական սեռի շեշտադրությամբ (informed him՝ her-ի փոխարեն):
«Մեր հնարավորությունները սահմանափակ են, այդ իսկ պատճառով խնդրել ենք նախարարին աջակցել ներգաղթյալներին»,- ասել է Դավթյանը և նշել, որ Սիրիայից Հայաստան ներգաղթը վերջին 3 ամիսներին մեծ ծավալների է հասել, սակայն գաղթականների հստակ թիվը հայտնի չէ, քանի որ Հայաստանի ԱԳՆ-ն դեռևս այդ մասին պաշտոնական հայտարարությամբ հանդես չի եկել:
Գաղթականներից շատերը Հայաստան են մեկնել՝ բնակվելու հարազատների տանը, իսկ ոմանց էլ աջակցել է Հայաստանի Կարմիր խաչը: Դեռևս հայտնի չէ՝ նրանցից քանիսն են պատրաստվում երկարաժամկետ բնակություն հաստատել Հայաստանում: «Ներկայում դժվար է գնահատական տալ, քանի որ նրանցից շատերը ծրագրում են հակամարտության ավարտից հետո վերադառնալ Սիրիա, իսկ ոմանք նախատեսում են այլ երկրներում հաստատվել»,-ընդգծել է նախագծի համահեղինակը:
Թուրքիան և Լիբանանը ևս հյուրընկալում են սիրիացի փախստականներին: Հայերը Թուրքիա չեն գնում, քանի որ վերջինս հրաժարվում է 1915 թվականի դեպքերը ցեղասպանություն ճանաչել: Պատմական հենց այդ իրադարձությունների ժամանակ են բազմաթիվ հայեր Սիրիա գաղթել: Դավթյանի խոսքով՝ հայերը Լիբանան նույնպես չեն գնում, քանի որ ցանկանում են հանգիստ թողնել Մերձավոր Արևելքը: Պատճառը կրկին հակամարտություններն են:
Նրա խոսքով՝ Հայաստանը պատրաստ չէ ընդունել մեծաթիվ փախստականների: Պատճառը գլոբալ տնտեսական ճգնաժամի՝ երկրի վրա ունեցած ազդեցությունն է: Սակայն Հայաստանի կառավարությունը ջանք չի խնայում՝ աջակցելու միգրանտներին: Նույնիսկ շատերն իրենց տան դռներն են բացել սիրիահայերի համար: Փախստականները Հայաստան կգան ցամաքով, քանի որ մինչև սեպտեմբեր օդային թռիչքների տոմսեր չկան:
Մինչև միգրացիան՝ Սիրիայում հայերի թիվը կազմում էր 100 հազար:








































