Լիբիայի ազատական «Ազգային ուժերի դաշինքը», որը գլխավորում է Ազգային անցումային խորհրդի նախկին վարչապետ Մահմուդ Ջիբրիլը, հաղթանակ է տարել հուլիսի 7-ին երկրում անցկացված Համընդհանուր ազգային կոնգրեսի ընտրություններում: Երկրի ԿԸՀ-ի ներկայացրած վերջնական տվյալներով` նախկին վարչապետի կուսակցությունը ստացել է կուսակցություններ ներկայացնող պատգամավորների 80 մանդատներից 39-ը: Այս մասին տեղեկացնում է Itar-Tass-ը:
Երկրորդ տեղը զբաղեցրել է «Արդարություն և կառուցապատում» կուսակցությունը` «Մուսուլման եղբայրների» լիբիական թևը: Նրանք խորհրդարանում կզբաղեցնեն 17 պատգամավորական աթոռ: Մնացած 24 մանդատները բաժին կընկնեն փոքր քաղաքական միավորումների (հիմնականում` ռեգիոնալ) ներկայացուցիչներին:
Վերլուծաբանների կարծիքով` դեռ վաղ է խոսել այն մասին, թե որ կողմն ունի իրական մեծ ուժ: Դեռևս հայտնի չէ` ինչպիսի կոալիցիա կստեղծեն կուսակցությունները: Խորհրդարանը կազմված կլինի 200 պատգամավորից, որից 120-ը` անկուսակցականներ: Մանդատները բաշխված են ըստ բնակչության թվաքանակի`100-ը բաժին է ընկնում արևմտյան նահանգներին, 60-ը` արևելյան, 40-ը`հարավային:









































