Ըստ «ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ երեկ արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում:
«Վաղ առավոտյան Թեհրան-Երևան-Լոնդոն տարանցիկ չվերթի ուղևորներից մեկն իրեն անկարգ է պահել, աղմկել է, խանգարել ուղևորներին ու չի ենթարկվել օդանավակայանի անվտանգության աշխատակիցներին: Վերջիններս ստիպված են եղել դիմել ՀՀ ոստիկանությանը: Արդյունքում հասարակական կարգը խանգարող քաղաքացուն ՀՀ իրավապահները բերման են ենթարկել ոստիկանության բաժին՝պարզելու, թե ինչն է նրա անհասկանալի վարմունքի պատճառը:
Մեր աղբյուրների հաղորդմամբ՝ տղամարդը Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի է: Փորձեցինք ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից տեղեկանալ, թե որն է եղել օտարերկրացու անկարգության պատճառը: ՀԿԼՎ-ից միայն հաստատեցին մեր տեղեկությունը՝ հավելելով, որ հետաքննությունը շարունակվում է»:








































