Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի և «Վեցյակի» միջև «միջուկային» բանակցությունների հերթական փուլի անցկացման տեղն ու ժամկետը կհստակեցվեն այն դեպքում, եթե փորձագետների խորհրդակցության ժամանակ կողմերը դրական արդյունքներ արձանագրեն: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանպարաստը:
Վերջինիս խոսքերով՝ մինչև հիմնական փուլի սկսվելը բանակցություններ են անցկացվելու Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Ալի Բաղերիի ու ԵՄ-ի անվտանգության ու արտաքին քաղաքականության գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի ներկայացուցիչ Հելգա Շմիդտի միջև:
Մեհմանպարաստն ընդգծել է, որ Իրանի ու «Վեցյակի» միջև հիմնական բանակցություններից առաջ միմյանց պետք է հանդիպեն Քեթրին Էշթոնն ու Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի գլխավոր քարտուղար Սայիդ Ջալիլին: Մեհմանպարաստը հույս է հայտնել, որ այդ հանդիպումներում կգրանցվի դրական արդյունք:
Հիշեցնենք, որ փորձագետների մակարդակով Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերջին փուլը տեղի է ունեցել հուլիսի 3-ին, Ստամբուլում:









































