Այսօր աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ` անդրադառնալով վարչական շրջանների կողմից ներկայացված տարածքներում անձրևներից հետո առաջացած ջրակուտակումները վերացնելու ուղղությամբ տարվող միջոցառումներին Երևանի քաղաքապետին զեկուցվել է, որ համապատասխան աշխատանքներ են տարվում ջրահեռացման համակարգերի ընթացիկ նորոգման ուղղությամբ: Սանմաքրման ձեռնարկությունների ուժերով էլ մաքրվել են ջրընդունիչ, անձրևորսիչ ցանցերն ու ջրատար համակագերը, առանձնացվել են նաև այն տարածքները, որտեղ բացակայում են համակարգերը և, որոնք պահանջում են կապիտալ ներդրումներ:
Կոմունալ տնտեսության վարչության պետը զեկուցել է, որ վարչական շրջաններ-համատիրություն համատեղ ծրագրով իրականացվող բազմաբնակարան բնակելի շենքերի շքամուտքերի վերանորոգման աշխատանքների շրջանակում արդեն վերանորոգվել է 752 շքամուտք: Ծրագրում ներառված մյուս շենքերում աշխատանքները կավարտվեն մինչև սեպտեմբեր:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ձեռնարկվել են համապատասխան միջոցներ և այժմ ընթացքի մեջ են շենքերի, բաշխիչ կայանների, ինչպես նաև գազատար և ջրատար խողովակների մաքրման, ներկման և պատշաճ սանիտարական վիճակի ապահովման աշխատանքները:
Այգիներում, պուրակներում և մետրոպոլիտենի տարածքում WiFi համակարգի տեղադրման հետ կապված «Երևանի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՊՓԲԸ-ի տնօրենը զեկուցել է, որ մշակվել է տեղադրման քարտեզ և կապի օպերատորի հետ քննարկումից հետո կմեկնարկեն տեղադրման աշխատանքները:
Անդրադառնալով գեղարվեստական լուսավորության ցանցում եղած թերությունների վերացման ուղղությամբ տարվող աշխատանքներին` զեկուցվել է, որ առկա թերությունները վերացված են և բանակցություններ են ընթանում հնարավոր ներդրողների հետ` լուսավորման նոր ծրագրերի կազմակերպման համար:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ աշխատանքներ են տարվում նաև մայրաքաղաքում չգործող, սակայն վերագործարկման ենթակա շատրվանների և ցայտաղբյուրների վերագործարկման ուղղությամբ:









































